Չկա որևէ երկկողմ կամ բազմակողմ պայմանագրի դրույթը, որը խանգարում ՌԴ-ին զենք վաճառել Ադրբեջանին․ Շ․ Քոչարյան




Չկա որևէ երկկողմ կամ բազմակողմ պայմանագրի դրույթը, որը խանգարում է Ռուսաստանի Դաշնությանը զենք վաճառել Ադրբեջանին։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ Նա գիտի, որ այս համատեքստում շատերի մոտ հարց է առաջանում դաշնակցային հարաբերությունների հետ կապված, բայց շեշտեց, որ ՌԴ-ն անհամեմատ մատչելի գնով է զենք վաճառում ՀՀ-ին։
«Ավելին՝ մենք այնպիսի զինատեսակ ենք ստացել, որը բացառիկ է։ Այս տեսակետից ՌԴ-ն փորձում է հավասարակշռել։ Իհարկե, այն որ ինքն ավելի մատչելի գնով է զենքը վաճառում ամրագրված է և երկկողմ պայմանագրով և ՀԱՊԿ-ի շրջանակում։ Միայն ավելացնեմ, որ ամեն ինչի բանալին երկրի ներսում է՝ տնտեսական իրավիճակն է ու քո հնարավորությունները»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ Քոչարյանը նշեց, որ շատ անգամ նույնիսկ ժամանակակից զենք գնելու համար ՀՀ-ն վարկ է վերցնում ՌԴ-ից։ Նրա խոսքով՝ ՌԴ-ն իր պարտականությունները կատարում է։
«Սա չի նշանակում, որ մենք անտարբեր ենք ու համարում ենք, որ որևէ խնդիր չկա Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված։ Իհարկե, այդ հարցը պարբերաբար բարձրացնում ենք ամենատարբեր մակարդակներով»,- եզրափակեց Շավարշ Քոչարյանը։