Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Եռագլուխ իշխանություն. հայ լեզու, հայ մշակույթ, հայ ոգի.«Հայու տեսակ»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

«Դեպի Աստված տանող ճանապարհներից շատ ավելի բարդ է դեպի քեզ տանող ճանապարհը, քանզի դեպի Աստված տանող ճանապարհի վերջում ծնվում է հերթական հավատացյալը, իսկ դեպի քեզ տանող ճանապարհը բարեհաջող եզրելու դեպքում ծնվում է աստվածամարդը»: Վկա՝ Կոմիտասն ու Նժդեհը, Մաշտոցը: Եվ եթե մարդ իրոք ելել է դեպի ինքնաճանաչում տանող ճանապարհը, բռնել է այդ կածանը, այդ ճանապարհ՝ դժվարամարս, դժվարամարս այդ ճանապարհը, ապա վստահաբար պիտի ասենք, որ հայոց լեզուն այն բաղադրիչն է, այն ցուպն է, որը պիտի օգնի նրան հասնելու այդ նպատակին, այլապես այդ նպատակը շատ ավելի դժվարամատչ է լինելու: Հայ մշակույթ, հայ լեզու, հայ մտածողություն, հայ ոգի, հայ գաղափար. ահա այն եռագլուխ իշխանությունը՝ հայ ոգի, հայ գաղափար և հայ հոգևոր աշխարհ: Այս երեքը պիտի մարդուն տանեն ինքնաճանաչման: 

հաղորդման սղագրություն

_ Ողջույն, հարգելի ռադիոլսողներ և ռադիոդիտողներ, «Լրատվական ռադիոյի» եթերում իր աշխատանքն է սկսում «Հայու տեսակ» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում են Հայկուհի Մինասյանը և հաղորդաշարի հեղինակ Գագիկ Գինոսյանը:
Ողջույն, պրն. Գինոսյան:
_ Բարև Ձեզ:
_ Հարգելի ունկնդիրներ, այսօր խոսելու ենք հայոց լեզվի մասին: Մի փոքր հատված կարդամ Վիկտոր Համբարձումյանի կտակից, այնուհետև անցնենք բուն թեմային. «Կտակում եմ հաջորդ սերունդներին՝ ծոռներիս, և այլն. մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափար»:
Պրն. Գինոսյան, ի՞նչ գաղափար եք ստացել Դուք և ո՞րն եք համարում Ձեր առաքելությունը՝ գաղափար փոխանցելու տեսանկյունից:
_ Ես, ի ուրախություն ինձ, ասեմ, որ շատ-շատ գաղափարներ, որոնք միաձուլվել են մի ընդհանուր գաղափարի մեջ, որ կոչվում է հայ լինելու գաղափար և հայ տեսակ, կարողացել են ինձ վերադարձնել հայ լինելու հպարտությունը: Այս ամենի մեջ մեծ ներդրում ունի, նախ և առաջ, մանկությունից եկած հորս խոսքը, թե ով է հայ, ինչպիսին է իրական հայը, հետագայում՝ Հայրիկ Մուրադյանը, հետագայում՝ Նժդեհի գաղափարախոսություն, հետո՝ Լեոնիդ Ազգալդյան, Ալեքսանդր Թամանյան կրտսեր: Այսինքն՝ տարբեր խոսքի կուլտուրաներ, տարբեր խոսքի մշակույթ, տարբեր ոգեղենության վրա հենված խոսք, որոնք միաձուլվել են մի ընդհանուր խառնարանում, որ իմ անուն-ազգանունով է կոչվում:
_ Վիկտոր Համբարձումյանը նշում է, որ երջանիկ է, որովհետև հայ է, և մաղթում է բոլորին լինել երջանիկ, որովհետև հայ են ու գիտեն հայերեն. հայերեն լեզվի մասին է խոսում: Եվ օրեր առաջ մեր տաղավարում էր Էդուարդ Զորիկյանը. մի հետաքրքիր բան ասաց, որ երկրի նախագահից մինչև հավաքարար՝ ներառելով բոլորին, բոլորս հայ ենք, բոլորս խոսում ենք հայերեն, և մենք իրավունք չունեինք այսօր այս վիճակում լինելու: Մասնավորապես, պրն. Զորիկյանը մշակույթի մասին էր խոսում. ինչպե՞ս է հնարավոր մի հասարակությունում, որտեղ բոլորը հայ են, լսել թուրքական կլկլոցով երաժշտություն հարսանիքներին և ասել՝ բա էլ ուրիշ ինչի՞ տակ ուրախանալ: Ինչպե՞ս է ստացվում. եթե մենք նշում ենք, որ մեր հաղթանակներին հաղորդակից չենք եղել, լեզվին է՞լ հաղորդակից չենք լինում: Եվ հաճախ ասում են, որ հայոց լեզուն կենցաղային չէ, այսինքն՝ բառապաշարը հայոց լեզվի, շատ բաներ օրինակ՝ ռուսերենից չեն կարողանում թարգմանել, որովհետև սա կենցաղային լեզու չէ, աստվածների հետ շփվելու լեզու է: Ինչպե՞ս է ստացվում, որ այդ աստվածների հետ շփվելու լեզվի կրող լինելով հանդերձ, մենք այսօր ունենք այսպիսի մշակույթ, ինչո՞ւ մենք մեր լեզվին հաղորդակից չենք լինում:
_ Մի գեղեցիկ բառ կա, որ հաճախ կարող ենք մատնանշել մեր հարևան երկրներում ունեցած մեր սուրբ տաճարների նկատմամբ՝ խոնարհված: Շատ եկեղեցիներ ունենք, որ խոնարհված են, և այնտեղ կարող ենք տեսնել պղծված խորաններ: Խորանն անգամ հնարավոր է պղծել, ինչպես և հայոց լեզուն: Նժդեհից պետք է մեջբերում անեմ. «Ժողովուրդ ճանաչելու համար բավական է լսել նրա մեջ հնչող խոսքը. հոգու տրամաբանությունն է վարում լեզուն, խոսքը: Հավասար չափով պետք է զարհուրել ինչպես բառերի անիմաստ, այնպես էլ դրանց անպարկեշտ գործածությունից: Օրվա հայ մտավորականության որոշ մասի խոսքն ի սպառ կորցրել է իր հստակությունն ու որոշականությունը, ինչպես և՝ իր խորհրդանշային ուժը: Դա ախտանշան է մտավոր քաոսի և տեսական խղճմտանքի պակասի»: Կարծում եմ՝ սա նաև պրն. Զորիկյանի՝ իմ լավ բարեկամի խոսքին պատասխանն է, այսինքն՝ բացարձակ անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, որ սկսած նախագահից՝ մինչև հավաքարար, խոսում են հայերեն: Այլ բան է, թե ինչպիսի հայերենով են խոսում: Այ, երբ որ մեր սուրբ մշակույթը, մեր պարերը, երգերը կենցաղավարման փուլ մտան, դրանք իրենց ծիսական երանգը, իրենց ծիսական պատկանելիությունը և արարողակարգը կորցրեցին և մտան կենցաղավարման փուլ, հաճախ պղծվեցին և դարձան այն, ինչ որ այսօր ունենք՝ կոլխոզնիկ յար գովերգող, … , և «հայ Ստալին, ջան Ստալին» գովերգող երգերի ու պարերի տեսքով: Այսինքն՝ այլ բան է, թե մենք ինչպիսի լեզու ունենք, ինչ է արտահայտում այն խոսքը, որ մեր մեջ հնչում է, ինչքանով է այն հայերեն հոգեբանությամբ, ինչքանով է այդ հայ խոսքը հայաշունչ: Չեմ ուզում ռուսերեն բառեր ասել. մի կատակ կար ժամանակին՝ առմյանսկիյ յազիկը լոկ մենք սախռանյած արել ենք: Այսինքն՝ բոլոր բառերը ռուսերեն են, բայց, կարծես թե, նախադասությունը՝ հայերեն, բայց, բնականաբար, այդտեղ հայերեն խոսքի մասին խոսելն ավելորդ է: Այ, նույնն է, ինչ կատարվում է մեր մշակույթի, երգարվեստի, պարարվեստի մեջ, որտեղ կարող ենք տեսնել հայաբառ, բայց ոչ հայերեն, հայամեղեդի, բայց ո՛չ հայերեն երաժշտությամբ, ո՛չ կոմիտասյան սկզբունքներին, ո՛չ մեր ավանդական մշակույթին, ո՛չ մաշտոցյան խոսքին բնորոշ: Այս ամենը բերում է հենց այդ պղծումին, որը կերտում է այն տեսակը, որը մենք հաճախ տեսնում ենք օլիգարխիկ, քրեաօլիգարխիկ խոսակցության մեջ:
_ Պարոն Գինոսյան, ամեն ինչ համակարգային է՝ լեզուն և սա: Օրեր առաջ զրուցում էի մեկի հետ. ասում էր, որ մենք ապրում ենք վատ, որովհետև մենք լավ հայերեն չգիտենք, և ասում էր, որ Հայաստանում IT ոլորտը պետք է փորձի, ծրագրավորողները պետք է փորձեն հայերենով խաղեր ստեղծել, որպեսզի դրսի հայերը՝ Ռուսաստանի հայերը, Միացյալ նահանգների հայերը, այդ խաղերի միջոցով կրկին վերամիավորվեն լեզվին, հաղորդակից լինեն լեզվի հետ: Իսկ ես նշեցի, որ լեզվից առաջ, ինչքան ես եմ նկատել, հայերեն պարող մարդիկ իրենք իրենց կամքով են ցանկանում հայերեն սովորել: Արդյո՞ք Դուք պարը համարում եք լեզվի մի մաս, արդյո՞ք պարը նպաստում է նրան, որ մարդ ցանկանա հայերեն սովորել և հայ լինել, այսինքն՝ եթե մենք, այսպես ասենք, փորձենք վերաինտեգրել դրսի հայերին՝ Ռուսաստանի հայերին, Միացյալ նահանգների հայերին, Հայաստան, ավելի հեշտ է սկսել լեզուն սովորեցնելո՞ւց, թե՞ ավելի հեշտ է սկսել հայերեն պարել սովորեցնելուց:
_ Գիտե՞ք՝ տարբեր դեպքերում կարող է տարբեր ճանապարհներ, տարբեր կածաններ տանեն դեպի տվյալ մարդու հոգին: Կարևոր է հասնել այդ հոգուն, և կարևոր է այդ հոգուն ցույց տալ իրական ազգային հայելին՝ մշակութային, լեզվի. լեզուն էլ է մշակույթ, և պարն էլ նույնքան լեզու է, տվյալ դեպքում՝ մարմնի լեզու է: Եվ եթե այս տեսանկյունից նայենք, մենք պետք է ասենք, որ ամեն մարդ կարող է անհատական մոտեցում ունենալ. եթե մարդու համար ավելի ընկալելի է մարմնի լեզուն, դա նրա համար ավելի ընթեռնելի է, ապա կարելի է նաև մարմնի լեզվով մոտենալ, այսինքն՝ պարերի շնորհիվ: Ի վերջո, ինչո՞ւ են պարերը շատ հաճախ ավելի մատչելի սփյուռքում: Շատ դեպքերում, շատ միջոցառումներում, օտար բառով ասած՝ փարթիների ժամանակ, մարդիկ հայերեն չեն խոսում, բայց պարտադիր պարում են իրենց պարերը՝ ավանդական պարերը՝ ոչ բեմական, որովհետև պարը նաև ենթագիտակցական մշակույթ է: Շատ դեպքերում այն ավելի ազդում է ենթագիտակցության վրա, և մարդը չի էլ կռահում, թե իր հետ ինչ է կատարվում: Իրականում, լեզվական մտածողությունը և լեզվի ազդեցությունը, նախ և առաջ, գիտակցական երևույթներ են: Ասում են, որ երբ Գարեգին Նժդեհը ԱՄՆ-ում ցեղակրոն ուխտերն էր ստեղծում, նա այնքան հզոր հռետոր է եղել, որ ոչ միայն անգլիախոս հայերն էին գալիս, այլև, ընդհանրապես, ամերիկացիները, որոնք ոչ մի կապ չունեին հայ գենի հետ: Գալիս էին լսելու, որովհետև այդ մարդը ուղղակի հրաշք էր՝ իր տեսակով և իր ազդեցությամբ. իր ոգեղենությամբ, իր էներգետիկայով, հռետորաբանությամբ ազդում էր ցանկացած մեկի վրա, և նրանք կլանված լսում էին, չնայած՝ ոչ մի բառ չէին հասկանում. նրանք ավելին էին հասկանում, որովհետև այդ ոգեղեն ուժը ազդում էր նրանց վրա ենթագիտակցորեն: Այ, եթե մենք ունենք այդ ուժը, նույն միտքը կարելի է արտաբերել այնպես, որ մարդը ծանրություն զգա և հոգնի քո նույն գաղափարից, և կարելի է նժդեհյան սկզբունքով այնպես ասել նույն միտքը, որ լսողն ասի՝ հապա ինչո՞ւ ես հիմա պարապուրդի եմ ենթարկված, և ինչո՞ւ չեմ գործում հիմա. եթե այդ գաղափարը կա, ուրեմն ես պետք է ծառայեմ, ես պետք է այդ գաղափարի մասնիկը լինեմ և ծառայեմ, այդ տեսանկյունից ես իմ լուման ներդնեմ՝ այդ գաղափարը կյանքի կոչելու: Բայց հաճախ նույն միտքը կարող է այնքան հոգնեցնող լինել, որ ուղղակի խուսափեն այդ միտքը լսելուց, այսինքն՝ կարևոր չէ՝ ինչ լեզվով, կարևոր է, թե ինչպես, կարևոր է՝ ինչ ոգեղենությամբ՝ դրական ուժ ներշնչող, ոգեշնչող, թե հոգնեցնող խոսք է հնչում, բարենորոգիչ խոսք է, ոգեշնչող խոսք է, թե ուղղակի ճնշող, ծանրացնող, կոտրող խոսք է:
_ Պրն. Գինոսյան, ի՞նչ մեխանիզմներով եք Դուք Ձեր գաղափարները փոխանցում:
_ Շատ մեծամիտ կհնչի ասելը, որ իմ գաղափարները, կարծում եմ, ազգային գաղափարներ են, որոնք ուղղակի տարիների փորձառությամբ կուտակվել են և՛ Ավետիս Ահարոնյանից, և՛ Գարեգին Նժդեհից, և՛ տարբեր այլ մարդկանցից՝ սկսած Մաշտոցից, և՛ Րաֆֆուց, և՛ Ռափայել Պատկանյանից, այսինքն՝ մեկ միտք չէ, և մեկ գաղափար չէ, նաև՝ Հայրիկ Մուրադյանից, նաև Լեոնիդի գաղափարները, նաև՝ Նարեկացուց, ինչո՞ւ ոչ: Այսինքն՝ այս ամենը կուտակվել է տարիների ընթացքում, և այն խմորվել, առանձին շաղախ է դարձել, որն այսօր կարող է վերագրվել ինձ, թե դրանք իմ գաղափարներն են. դա ընդամենը տարբեր դարերում հնչած հայոց մտավորականների, հայոց առաջնորդների, ռազմի հանճարների շաղախված, մեկ ընդհանուր շաղախի, խյուսի վերածված խոսքն է, և նրանց գաղափարը: Իսկ թե ինչպես տեղ հասցնել, ընդամենը նժդեհյան մեկ նախադասությամբ կարող եմ ձևակերպել. «Երբ խոսքդ սրբազնորեն բարձր առարկաների մասին է, ձգտիր,տքնիր, աշխատիր, որ խոսքիդ վրա և՛ մտքիդ, և՛ սրտիդ արյան հետքերը լինեն»: Կարծում եմ՝ ավելի փառահեղ կերպով հնարավոր չէ ներկայացնել, այսինքն՝ եթե այդ միտքը, այդ խոսքը քո ներսից դուրս է գալիս, և դիմացինին տեղ հասնելու համար այն քո ամբողջ մտավոր և հոգևոր ներաշխարհը քերծելով և արյունոտելով դուրս չի գալիս, ցավով չի պոկվում քեզնից, այն չի կարող հասնել իր նպատակին, չի կարող ազդել դիմացինի վրա: Ազդելու համար, նախ և առաջ, այն քեզ պետք է հուզի ներսից, այն պիտի քո անբաժանելի մասը լինի, և նաև, ինչ-որ չափով, քեզ ցավեցնելով քեզանից բաժանվի:
_ Հայերեն մտածելու առավելությունները որո՞նք են:
_ Գիտե՞ք՝ եթե ճիշտ հայերեն մտածել, ապա դա ձևավորում է իրական հայի տեսակը: Ճիշտ հայերեն խոսել, կարծում եմ, պետք է. «Մարդս իր խոսքի մեջ դրսևորում է իր հոգու բովանդակությունը, մեր արտաբերած ամեն մի խոսք ուրիշներից ավելի մեզ է ազդում: Չի կարելի զազրախոս լինել և բարձր ու կիրթ նկարագիր ունենալ»: Հայոց լեզուն իրականում ձևավորում է այդ բարձր ու կիրթ մարդու տեսակը, վեհանձն տեսակը: Մի օտար պատմաբան էր ասել, որ եթե միայն հայերը իմանային, թե ինչքան հպարտանալու առիթ ունեն. ցավոք, չգիտեն: Եթե մենք իմանայինք, որ աշխարհի լավագույն լեզվաբաններից մեկը, եթե ոչ լավագույնը՝ Մարկվարտը, որն ազգությամբ գերմանացի էր, համեմատելով գերմանական այբուբենի ստեղծող Զիգֆրիդի առաքելությունը Մաշտոցի հետ՝ ասում է, որ Զիգֆրիդի արածը Մաշտոցի համեմատությամբ հոգևոր թզուկություն է. ի՞նչը կարող է ավելի հպարտ դարձնել հայ մարդուն, քան այն, որ գերմանացին, աշխարհահռչակ գերմանացին ընդունում է որ իր այբուբենի ստեղծողի արածը հոգևոր թզուկություն է Մաշտոցի նկատմամբ: Եթե մենք ընկալենք, թե ինչ կարևոր հպարտություն է ներշնչում ճիշտ հայերեն խոսելը, որովհետև ճիշտ հայերեն խոսելը կոդավորված բանաձև է՝ քեզ ճիշտ հայի վերածելու, իսկ ճիշտ հայը հպարտ, վեհանձն և ազնվական չլինել չի կարող:
_ Լավ: Ո՞րն է ճիշտ հայերենը: Շատ խոսեցիք ճիշտ հայերենի մասին. գրակա՞ն հայերենն է, գրաբա՞րն է, ո՞րն է. ի՞նչ եք հասկանում դուք՝ ասելով «ճիշտ հայերեն»:
_ Իհարկե, ցավոք սրտի, վերադառնալ գրաբարին անհնար է: Իսկ գրաբարը Մաշտոցի մտածելակերպն էր, մաշտոցյան հայերենն էր, որը շատ ավելի հայեցի էր և այս տեսակին բնորոշ: Այս տեսանկյունից ճիշտ կլիներ, որ գրաբար լիներ, բայց ոչ ոք չի կարող ասել, որ աշխարհաբարն էլ հայերեն չէ, և վեհանձն չէ:
_ Բարբառները՝ նո՞ւյնպես:
_ Ոչ ոք չի կարող ասել, որ արևմտահայերենը հայեցի չէ և հայակերտ չէ: Եվ ոչ ոք չի կարող ասել, որ որևէ բարբառ, որը մաքուր, ճիշտ խոսքով է հնչում՝ թումանյանական բարբառը, որ դա հայերեն չէ և հայու տեսակի կերտողը չէ: Ո՞վ է ասել, որ ինձ հարազատ Կարնո բարբառը, որ կճուղ են ասում, հայեցի չէ և հայ դաստիարակող չէ: Այսինքն՝ ինչքան կարևոր է, թե ինչ լեզվով ինչպես է հնչում, նույնքան կարևոր է, թե ինչքանով է այն ճիշտ հայերեն հնչում, ինչքանով է ճիշտ ձևակերպվում: Եվ այդ ամենի հիմքում դա բառակույտի կվերածվի, եթե առանցք չունենա՝ ազգային ոգին, ազգային հոգեբանությունը: Եվ եթե այդ խոսքի մեջտեղով, որպես առանցք, անցնում է հայի հոգեբանությունը, հայի ոգին, ապա այն ավելի քան զորեղացնող և վեհացնող խոսք կարող է լինել:
_ Թամանյանը, այսպես են ասում, գծում էր գերտերության մայրաքաղաք: Ի՞նչ սահմաններ է գծում հայերենը և ի՞նչ առաքելություն ունի հայերենն աշխարհի համար:
_ Պիտի ասեմ, որ մենք տիրել ենք աշխարհին ոչ մեր ուժի, բռի ուժի շնորհիվ. մենք տիրել ենք մեր հոգևոր արժեքների շնորհիվ: Եվ եթե մենք ինչ-որ մարդկանց ինչ-որ բան «պարտադրել ենք», ապա դա հոգևոր արժեքներ է եղել: Եվ բոլորը գիտեն, որ ամբողջ Եվրոպայի եկեղեցաշինությունը՝ հատկապես, և մասամբ ճարտարապետությունը ներազդված են հայոց ճարտարապետությունից: Բոլորը գիտեն, որ գրական առաջնեկը, այսպես ասած, ոսկե դարի, վերածննդի, Նարեկացին է՝ «Մատյան ողբերգությանն» է: Եվ տարբեր-տարբեր այսպիսի օրինակներ կարող ենք բերել, թե ինչպես ենք ազդել Եվրոպայի, աշխարհի վրա. մեր հոգևոր հավատամքներով, մեր մարդկային կերպարանքով, մեր տեսակով, մեր ոգեձուլվածքով՝ այն ազնվաբարո ոգեձուլվածքով, որը դարերի ընթացքում չի կարող ժանգոտել: Իսկ բաշիբոզուկ ազգը, որը ծնվել է երեկ, պիտի գործի, քանի դեռ կարող է, որովհետև հենց ընկավ հողը, ինքը ժանգոտելու է: Մենք դրա վախը չունենք. մենք ոսկյա ենք, մենք ազնվական մետաղից ենք, որը ոչ ժամանակից է վախենում, ոչ հողի հետ շփվելուց, ոչ ջրի մեջ մնալուց. այն չի կարող ժանգոտել, այն ժանգ չունի իր մեջ, որովհետև ներքուստ ազնվաբարո է: Այ, թող մտածեն նրանք, ում լեզուն մահացող լեզու է, որովհետև իր մեջ այդ ազնվական մետաղը չունի: Խոսքի մեջ պիտի այդ ազնվական մետաղը հնչի, զրնգուն այդ մետաղը, որը ոչ դատարկ զրնգունություն է, այլ ազնվական վեհանձնության արտացոլքն է: Այսօր Ռուսաստանում հայ մարդն ամաչում է հայերեն խոսելուց և իր երեխային ստիպում է ռուսերեն խոսել. սա ազգային ամոթ է, սա ուղղակի գրպանի հայրենասիրություն է, այսինքն՝ մարդ, որ մտածում է գրպանով, իր բարեկեցությամբ, մարդ, որը որևէ հոգևոր բան չունի: Որպեսզի մենք հասկանանք, որ բոլոր դարերում եղել են նման մարդիկ, կարող ենք անդրադառնալ «Մխիթար սպարապետին»: Այնտեղ տեսնում ենք Պղինձ Արթինը, որն իր առևտուրը լավ անելու համար իր տղային արգելում էր ավելին խոսել և պարսիկների հետ առևտուրն ավելի բարեհաջող անելու համար ստիպում էր պարսկերենը շատ ավելի լավ իմանալ, քան հայերենը, որովհետև դրանից ինքը շահ ուներ: Մեր ծնողը նրա համար չէ թանկ, որ մենք նրանից շահ ունենք. մեր լեզուն, մեր հոգևոր արժեքները, մեր մշակույթը նրա համար չեն թանկ, որ մենք նրանից շահ ունենք. դրանք թանկ են, որովհետև մերն են, որովհետև դա մեր լինելիության, մեր էության առանցքն է:
_ Հրեաների և հրեական պետության հետ շատ հաճախ համեմատվում ենք՝ մեր ազգային քաղաքագետները հաճախ կոչ են անում մեր քաղաքագետներին հետևել նրանց օրինակին, ստեղծել ամուր պետություն, գնահատել զինվորի կյանքը, և այլն, այսինքն՝ օրինակելի պետություն է բոլորի համար, սակայն շատ հրեաներ այսօր եբրաերեն չգիտեն, չեն խոսում, բայց դա նրանց չի խանգարում իրենց պետության համար, իրենց պետության կայացման համար լինել լավ քաղաքացիներ:
_ Եկեք տարբերենք «պետություն» և «ազգ» հասկացությունները, տարբերենք՝ ոչ տարանջատելու համար, որովհետև կարծում եմ՝ լիարժեք և հզորագույն պետականություն ունենալու համար պետությունը պիտի լինի ազգային, իսկ ազգը պիտի լինի պետականամետ՝ ոչ թե իշխանամետ, այլ պետականամետ. սրանք տարբեր բաներ են: Եվ եթե հրեան հպարտություն չի ապրում հրեա լինելու համար և չի գտնում կարևորությունը՝ եբրաերեն իմանալու, այլ իր պետականությանն է ծառայում, ապա դա եսի խնդիր է, որովհետև դրա մեջ նա իր եսի բարեկեցությունն է տեսնում: Այլապես, եթե նա հպարտ լիներ հրեա լինելու համար, առաջնահերթ՝ մինչև իր պետության մասին մտածելը, իր մասին կմտածեր, որ ինքը ամոթ պիտի ապրի, որ ինքը չգիտի իր լեզուն, որ ինքը չի մտածում եբրաերեն: Իհարկե, բոլորից կարելի է սովորել, աշխարհում ամեն ազգից: Նույնիսկ կարելի է սովորել՝ ինչպիսին պետք չէ լինել: Բայց, այնուամենայնիվ, մենք ինքներս մեր պատմությունից, մեր լինելիությունից, մեր ամբողջ այդ ընթացքից պետք է սովորենք: Նժդեհն ասում էր. «Վայ այն ժողովրդին, որի համար պատմությունը մի գերեզման է անխոս»: Հուսով եմ, որ մեր պատմությունը դեռ գերեզմանի չի վերածվել: Մենք ունենք սովորելու և՛ Մաշտոցից, և՛ Տրդատ ճարտարապետից, որ ամբողջ աշխարհով փնտրեցին ու չգտան Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթը վերականգնող մեկին, և, ստիպված, հրավիրեցին Տրդատ ճարտարապետին, որը պիտի հետագայում Անիի Մայր Տաճարում աղեղնաձև կամարի հայտնագործությամբ ներազդեր մինչև օրս կառուցված ցանկացած տեսակի եվրոպական եկեղեցիների վրա: Այս տեսանկյունից մենք կարող ենք և՛ Նարեկացիով հպարտանալ, և՛ մյուսներով: Այսինքն՝ մենք ունենք այն տեսակը, որը պիտի մեզ այսօր դաստիարակի, որից մենք պիտի դաս քաղենք, որից մենք պիտի սովորենք, թե ինչպիսին լինել: Մենք Րաֆֆուց այսօր էլ շարունակում ենք սովորել, մենք այսօր Նժդեհից շարունակում ենք սովորել, Կոմիտասից շարունակում ենք սովորել: Ինչո՞ւ ոչ՝ մեր շրջապատում կան այնպիսի մարդիկ, որոնք ստիպում են մեզ ականջալուր լինել, ուշադիր լինել և մի անգամ լսելով՝ վերլուծել, մտածել, տրամաբանել և հասկանալ, որ այսօր էլ բարենորոգիչ խոսք է հնչում, և միայն երեկով չէ, որ պիտի ապրենք:
_ Ամեն ինչ՝ ցանկացած բան այս կյանքում, պետք է ունենա առաջ մղիչ ուժ: Շատերն այսօր ասում են՝ ծրագրեր գրենք հայերենով, փորձենք սփյուռքում այնպես անել, որ այնտեղի քաղաքացիները, հայերը վերասիրահարվեն հայերենին, բայց ինչո՞ւ մարդիկ սովորեն հայերեն. երբ մարդուն ասում ես՝ սովորի հայերեն, որովհետև… Ձեր բանաձևը որովհետևի ո՞րն է:
_ Որովհետև հնարավոր չէ առանց դրա. անգամ եթե նույնիսկ դու հանճարեղ պարող ես դարձել, դու ենթագիտակցորեն, ինքնաբերաբար պետք է գաս նաև մաքուր հայերենին, ճիշտ հայերենին, որովհետև հնարավոր չէ մեկ տեսանկյունից ճիշտ հայ լինել: Հնարավոր չէ՝ բոլորս թերի ենք: Սամվել Կարապետյանը մի շատ կարևոր բանաձև ունի. եթե տվյալ մարդը հայոց դպրոց չի ավարտել (գոնե Ախալցխայում այդպես են ասում՝ ոչ թե հայկական, այլ հայոց դպրոց), ապա նա շատ թերի բաներ ունի իր լեզվամտածողության մեջ, որովհետև երեխան, որը 6 տարեկանում գնում է դպրոց և իր մեջ դեռ նոր ձևավորվող հայերենի փոխարեն սկսում է ռուսերեն խոսել, սկսում է անգլերեն խոսել՝ դեռ իր լեզվամտածողությունը չձևավորած, նա աղճատում է իր հոգեբանությունը, որովհետև լեզուն հակադարձ կապով ենթագիտակցորեն նստում է մարդու հոգեբանության վրա: Եվ եթե մենք չենք մտածում հայերեն կամ չենք մտածում ռուսերեն, մենք աղճատվում ենք. ո՛չ հայերեն ճիշտ գիտենք, ո՛չ ռուսերեն ճիշտ գիտենք: Չեմ ուզում զազրախոսել. առավել ևս այդ մարդն արդեն մահացել է, բայց նմաններն այսօր Ռուսաստանում շատ են. կար հայտնի մի հայ աճպարար, որն ապրում էր Մոսկվայում՝ Հարություն Հակոբյան: Նա այդպես էլ չսովորեց ռուսերեն ճիշտ խոսել, բայց կորցրեց հայերեն խոսելու ունակությունը, այսինքն՝ նա այդպես էլ որևէ լեզվով ճիշտ չխոսեց, և նա բացարձակ չէր կարողանում գտնել իր իդենտիֆիկացիան, իր տեսակը, որովհետև մարդը չի ձևավորվել որպես ազգային անհատ, իսկ դա չի կարող մարդուն երջանկություն բերել, որովհետև եթե ես չեմ ճանաչում ինձ և, կներեք բառիս համար, լղոզված կերպար եմ՝ մի քիչ ռուս, մի քիչ հայ, մի քիչ թուրք, մի քիչ վրացի, և այլն, ի վերջո ես պիտի գտնեմ իմ կերպարը: Եթե նայում եք ինձ և ինչ-որ անհասկանալի պատկերներ եք տեսնում, չեմ կարծում, որ ինչ-որ մեկին կարող է հրապուրել այդ տեսարանը: Այսինքն՝ մարդը ինքը պետք է գտնի, նախ և առաջ, իր կերպարը. դաշտում բազում ծաղիկներ կան, ու ամեն մեկն իր կերպարը, և ոչ ոք մյուսին չի նմանվում, և պետք էլ չէ նմանվել, նմանակել ինչ-որ մեկին. ծիծաղելի կլինի, եթե վարդը փորձի մանուշակին նմանվել կամ հակառակը: Կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրը պետք է, նախ և առաջ, հայերեն մտածել սովորի, հետո նոր՝ խոսել:
_ Շատերը, ումով մենք այսօր հպարտանում ենք՝ Գարեգին Նժդեհը, Սպենդիարյանը, Թամանյանը, ռուսերեն էին մտածում:
_ Ո՛չ, ո՛չ:
_ Նշվածներից գոնե Թամանյանն ու Սպենդիարյանը մտածում էին ռուսերեն:
_ Նժդեհի դեպքում համամիտ չեմ, բայց Թամանյանի դեպքում համամիտ եմ:
_ Ինչպե՞ս ստացվեց, որ Թամանյանը, ռուսերեն մտածելով հանդերձ, կարողանում էր անել այն, ինչ Դուք նկարագրում էիք, որ պիտի աներ հայերենին տիրապետող մարդը, այսինքն՝ ինչպե՞ս է սա հնարավոր:
_ Ես ավելին կասեմ. պատկերացնո՞ւմ եք՝ եթե հանկարծ Թամանյանը մտածեր հայերեն, ինչ կաներ: Այսինքն՝ մի մտածեք այդպես. նույն իմ շատ թանկ բարեկամ Արթուր Մեսչյանի մասին, որը նույնպես ռուսական կրթություն ունի, իմ ընկերներից մեկն ասում էր՝ ռուսական կրթություն ունենալով՝ գրաբարով հաղորդություն գրեց, որտեղ ամբողջը գրաբարյան հենքի վրա էր: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե նա ի սկզբանե հայերեն իմանար ու դեռ մանկությունից գրաբարին տիրապետեր, ինչ կկարողանար, ինչպիսի հանճար ենք մենք փոքրացրել, չնայած՝ կարծում եմ, որ, ամեն դեպքում, Մեսչյանը հանճար է, բայց ի՞նչ կարող էր լինել, եթե ի սկզբանե՝ մանկությունից, դա նրա համար կենցաղային մի բան լիներ, այսինքն՝ նրա կյանքն ամբողջովին պարուրված լիներ այդ հրաշագործ լեզվով, աստվածային լեզվով, ինչպես կասեր Բայրոնը:
_ Փաստորեն, ամփոփելով հաղորդումը՝ հայերեն իմանալը, հայերեն սովորելը առավելություն է:
_ Կարող եմ ասել նման մի բան, որ ամենադժվարն այս կյանքում ինքնաճանաչ լինելն է: Ես մի աֆորիզմ էի գրել, որը մտապահել չէի հասցրել, և իմ թղթերի գզրոցում վերջապես երեկ գտա այդ միտքը. «Դեպի աստված տանող ճանապարհներից շատ ավելի բարդ է դեպի քեզ տանող ճանապարհը, քանզի դեպի Աստված տանող ճանապարհի վերջում ծնվում է հերթական հավատացյալը, իսկ դեպի քեզ տանող ճանապարհը բարեհաջող եզրելու դեպքում ծնվում է աստվածամարդը»: Վկա՝ Կոմիտասն ու Նժդեհը, Մաշտոցը: Եվ եթե մարդ իրոք ելել է դեպի ինքնաճանաչում տանող ճանապարհը, բռնել է այդ կածանը, այդ ճանապարհ՝ դժվարամարս, դժվարամարս այդ ճանապարհը, ապա վստահաբար պիտի ասենք, որ հայոց լեզուն այն բաղադրիչն է, այն ցուպն է, որը պիտի օգնի նրան հասնելու այդ նպատակին, այլապես այդ նպատակը շատ ավելի դժվարամատչ է լինելու: Հայ մշակույթ, հայ լեզու, հայ մտածողություն, հայ ոգի, հայ գաղափար. ահա այն եռալուխ իշխանությունը՝ հայ ոգի, հայ գաղափար և հայ հոգևոր աշխարհ: Այս երեքը պիտի մարդուն տանեն ինքնաճանաչման: Եթե մենք կարողանանք թեկուզ մոտենալ այն աստիճանի, որ բարձունքը, գագաթը տեսնենք այդ ինքնաճանաչման, թեկուզ նշմարելի լինի, ուրեմն կարող ենք մտածել, որ մենք արդեն երջանիկ ենք:
_ Շնորհակալություն, պրն. Գինոսյան:
Հարգելի ունկնդիրներ, հիշեցնենք՝ լսում էիք «Հայու տեսակ» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում էին Հայկուհի Մինասյանը և հաղորդաշարի հեղինակ Գագիկ Գինոսյանը: Հաջողություն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan