13:09   21-10-2020
«Արցախում իրական բանակցությունների և կայունության համար ճանապարհ կարող է հարթել ԵԱԿՀ ՄԽ համանախագահ երկրների կողմից այդ տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարելը»․ The Washington Post
Թողնել մեկնաբանություն

Հայկական ծագմամբ ամերիկացի գրող և լրագրող, The Washington Post թերթի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսն անդրադարձել է Արցախում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազին։
Լրագրողի խոսքով՝ երբ չորս տարի առաջ Արցախ էր այցելել, տեղի հայ բնակչությունը թվում էր նույնքան պինդ և աներեր, որքան այդ տարածաշրջանը շրջապատող ժայռոտ բլուրները։

Խոսելով սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական տանդեմի հրահրած պատերազմի մասին՝ հոդվածագիրը նշում է, որ թուրքական և իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի օգտագործումը փոխել է հակամարտության հավասարակշռությունը՝ մարտերում թրծված հայերին դնելով պաշտպանական դրության մեջ։

Լրագրողի խոսքով՝ թեև հայ-ադրբեջանական հակամարտությունը կարող էր հեռավոր, հին թշնամանք թվալ, Արցախում վերսկսված պատերազմը ցույց տվեց, որ սպառազինության ժամանակակից տեխնոլոգիաները կարող են հանկարծակի սրել «սառած հակամարտությունները»։

«Արցախցիները համառ մարտիկներ են։ 1994 թվականին նրանց գերազանցությունը հրետանային և տանկային պատերազմում, որի ժամանակ Արցախն ազատագրվեց Ադրբեջանի վերահսկողությունից, շարունակվել է դրսևորվել նաև այդ ժամանակից ի վեր վերսկսված այլ մարտերում»,- գրում է նա՝ հավելելով, որ Ցեղասպանություն վերապրած հայերի համար այդ պայքարը նաև գոյության պայքար է։

«Ահա պարզ առաջարկ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, որն ուրբաթ պետք է հանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ. Արցախում իրական բանակցությունների և կայունության համար ճանապարհ կարող է հարթել ԵԱԿՀ Մինսկի խմբի համանագախահող երկրների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից այդ տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարելը»,- գրում է հոդվածի հեղինակը։

Նրա խոսքով՝ Պոմպեոյի առջև մեծ խնդիր է դրված․ Ռուսաստանի ու Ֆրանսիայի միջնորդությամբ այս ամիս հրադադարի մասին երկու համաձայնագիր է կնքվել և երկուսն էլ չեն պահպանվել։ Ուստի՝ անհրաժեշտ է մի ծրագիր, որն ավելի անմիջականորեն կներառի երեք մեծ տերությունների մասնակցությունը և հարթակ կապահովի ինքնիշխանության և փախստականների հիմնարար խնդիրների լուծման համար։

Ինչպես նշում է Իգնատիուսը, երկու կողմերն «այժմ կարծես ավելի բաց են բանակցությունների համար, քան նախկինում»։

Գրում է Tert.am -ը:

Loading...