15:42   21-10-2020
Լիբիական հակամարտության կողմերը պայմանավորվել են բացել բոլոր ճանապարհները
Թողնել մեկնաբանություն

Լիբիական հակամարտության կողմերը Ժնևում կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են բացել ճանապարհները Լիբիայի բոլոր քաղաքների և շրջանների միջև: Այս մասին հայտնել է Լիբիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատարի պաշտոնակատար և Լիբիայի աջակցության հարցով ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Սթեֆանի Ուիլյամսը:
Ժնևում ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվում են միջլիբիական ուղիղ բանակցություններ «5+5» Համատեղ առազմական հանձնաժողովի ձևաչափով, հայտնում է Коммерсантъ-ը:
«Երկու կողմերը համաձայնության են հասել մի քանի կարևոր կետերի շուրջ, որոնք անմիջական ազդեցություն կունենան լիբիացիների կյանքի և բարեկեցության վրա»,- ասել է Ուիլյամսը:
Նրա խոսքով, կողմերը «համաձայնել են բացել բոլոր ցամաքային ճանապարհները, որոնք միմյանց են կապում Լիբիայի բոլոր շրջանները և քաղաքները»: Որոշվել է նաև բացել օդային ճանապարհները, մասնավորապես՝ վերականգնել թռիչքները դեպի հարավային շրջանի վարչական մայրաքաղաք Սաբհա:
Ուիլյամսը հայտնել է նաև, որ կողմերը որոշել են դադարեցնել սրացման տանող մամուլի հաղորդագրությունների տարածումը և դադարեցնել «ատելություն արտահայտող հայտարարությունների օգտագործումը»: Նրանք կոչ են արել դատական իշխանություններին պատասխանատվության ենթարկել ԶԼՄ-ներին, որոնք նման հայտարարություններ են տարածում և «խրախուսում են բռնությունը»:
Պաշտոնյան նաև հայտնել է, որ կողմերը պայմանավորվել են պահպանել լռության ռեժիմը ռազմաճակատում և ցանկացած գնով խուսափել ռազմական սրացումից, աջակցել գերիների փոխանակմանը:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...