13:33   03-12-2020
Նախատեսված են հատուկ միջոցառումներ՝ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիների համար
Թողնել մեկնաբանություն

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովումն ու նրանց ինտեգրումն օրվա հրամայականն է: Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա հետ կապված այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

«Դեկտեմբերի 3-ը ողջ աշխարհում նշվում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։ Մեզանում այսօր՝ առավել քան երբեւէ, հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովումն ու նրանց ինտեգրումն օրվա հրամայականն է։ Ուստի, նրանց սոցիալական ներառումն ապահովող ծրագրերին զուգահեռ մեր կողմից նախատեսված են նաեւ հատուկ միջոցառումներ՝ պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիների համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշել է նախարարը։

Նրա խոսքով, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն անում է ամեն հնարավորը՝ առավելագույնս պարզ ընթացակարգով վիրավոր զինծառայողների կարիքների գնահատման, հաշմանդամության խմբի ճանաչման, անհրաժեշտ աջակցող միջոցների հատկացման համար: Կարիքներին համարժեք ծառայությունների մատուցումը, կրթության եւ զբաղվածության խնդիրների կարգավորումը կարող են ունենալ երկարատև դրական ազդեցություն ոչ միայն ծրագրերում ընդգրկված անձանց կյանքի որակի, այլեւ հասարակության ընկալումների վրա ՝ ապահովելով սոցիալական ու տնտեսական առաջընթաց։

Նախարարը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է ոլորտը կարգավորող նոր օրենսդրության ընդունում, որով պետությունն ավելի մեծ երաշխավորություն կստանձնի հաշմանդամություն ունեցող անձանց` այլ անձանց հետ համահավասար անկախ կյանքի եւ ներառականության համար անհրաժեշտ պայմաններ եւ հավասար հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ:  Հասցեական եւ համալիր միջոցառումները կթեթեւացնեն առկա խնդիրները, հնարավորություն կտան վերացնել միջավայրային արգելքները, բարձրացնել հասարակության իրազեկվածությունն ու արդյունքում ձևավորել նաեւ համարժեք վերաբերմունք։

«Օրվա խորհուրդը կարևորելով՝ ուզում եմ կրկին ընդգծել, որ այս ուղղությամբ սոցիալական ցանկացած ներդրում պետք է առաջնային լինի յուրաքանչյուրիս համար: Ակնկալում եմ, որ նախատեսվող ծրագրերի իրականացման շնորհիվ հաշմանդամություն ունեցող անձինք կկարողանան լիարժեք իրացնել երկրի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքին մասնակցելու իրենց իրավունքը»,-նշել է նախարարը:

Loading...