19:50   03-12-2020
Անկարան ակնկալում է, որ ԱՄՆ-ն նոր վարչակազմի օրոք C-400-ի հետ կապված հարցը կլուծի առանց պատժամիջոցների
Թողնել մեկնաբանություն

Թուրքիան ակնկալում է, որ ամերիկյան նոր վարչակազմը պատրաստ կլինի երկխոսությունների ճանապարհով լուծել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հինգշաբթի՝ դեկտեմբերի 3-ին, Իտալիայի ԱԳՆ-ի աջակցությամբ Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի կազմակերպած «Միջերկրածովյան երկխոսություն» համաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն, գրում է ՏԱՍՍ-ը։

«С-400-ի հետ կապված իրավիճակը ստեղծվել է նախորդ վարչակազմի օրոք։ Նախագահներ Էրդողանն ու Թրամփը լավ և անկեղծ երկխոսություններ էին անցկացնում և քննարկում էին բոլոր խնդիրները։ Մենք ԱՄՆ-ին առաջարկում էինք ստեղծել С-400-ի հարցով աշխատանքային խումբ ՆԱՏՕ-ի ներգրավմամբ, սակայն նրանք հրաժարվեցին մեր առաջարկից։ Մենք ակնկալում ենք, որ այս վարչակազմը կամ նոր վարչակազմը պատրաստ կլինի լուծել բոլոր խնդիրները երկխոսության ճանապարհով՝ չսպառնալով պատժամիջոցներով», - ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը։

Հոկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել էր, որ Անկարան, չնայած ԱՄՆ-ի ճնշմանը, մտադիր չէ հրաժարվել С-400-ից։ Նա նաև բավական կտրուկ էր արտահայտվել պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքների մասին՝ առաջարկելով Միացյալ Նահանգներին վերջապես դադարել դրանցով սպառնալ Թուրքիային և փորձել դրանք գործարկել։

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...