10:26   22-01-2021
Փոխնախարարը հույս ունի, որ հնարավոր երկաթգծի շահագործմամբ գյուղմթերքն ավելի մրցունակ կդառնա արտահանվող շուկայում
Թողնել մեկնաբանություն

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի կարծիքով՝ դեպի Ռուսաստան, Իրան հնարավոր երկաթուղային հաղորդակցության դեպքում Հայաստանից արտահանվող գյուղմթերքն ավելի մրցունակ գներով հասանելի կլինի արտահանվող շուկայում, թարմ գյուղմթերքն ավելի շուտ կհասնի արտահանվող շուկա: Խոջոյանը նման տեսակետ հայտնեց՝ ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակման դեպքում հնարավոր երկաթգծի շահագործումը ինչպե՞ս կանդրադառնա հատկապես գյուղմթերքի արտահանման վրա: 

«Արձանագրված ամենամեծ խնդիրներից մեկը հենց ճանապարհներն են, հասանելիությունն է: Եվ արտահանման համար շատ կարևոր է, որ քո ապրանքը ժամանակին և ցանկալի ժամկետում հասնի թիրախավորված շուկա»,-ասաց փոխնախարարաը:

Խոջոյանը շեշտեց, որ թարմ գյուղմթերքի արտահանման դեպքում կարևոր է արագությունը, թարմությունը: Բացի այդ, նա նշեց, որ գյուղմթերքի գինը շատ արագ է փոխվում, սեզոնի սկզբին, երբ դեռ քիչ է քանակը, գյուղմթերքի գինը շատ բարձր է, և արտադրողների նպատակն է հենց այդ ժամանակ մուտք գործել այդ շուկաներ: «Եվ մի փոքր ուշացումը, Լարսի անցակետում անհասկանալի խնդիրները մեծ տնտեսական կորուստների են բերում տնտեսավարողների համար: Նաև նոր բեռներ չեն ընկնում ճանապարհ՝ դեպի այլ շուկաներ, որովհետև մտածում են, որ անցակետում խնդիր կա, և բերքահավաքը սկսում է դանդաղել»,-ասաց Խոջոյանը: 

Անդրադառնալով հարցին, թե հնարավոր երկաթգծի շահագործումը ինչքանո՞վ կօգնի այս հարցին՝ նա ասաց, որ երկաթգիծն այն տրանսպորտային միջոցներից է, որի դեպքում կարելի է նմանատիպ խնդիրները թողնել անցյալում: «Այն ճանապարհածախսի կրճատման առումով հնարավորություն կտա ավելի մրցունակ գներով հասանելի լինել արտահանվող շուկաներում»,-ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ իր գործընկերները ներկայում զբաղվում են տնտեսական գնահատականների, վերլուծությունների հարցով, ամբողջական գնահատականը, պատկերը պարզ կլինի աշխատանքների ավարտին:

Loading...