12:51   22-01-2021
ԱՄՆ նոր վարչակազմը կվերանայի պատերազմ հրահրող Ադրբեջանի աջակցությունը. Բլինկենը՝ Արցախի խնդրում ԱՄՆ ակտիվացման մասին
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենը հայտնել է, որ Արցախում վերջին հակամարտության լույսի ներքո, Բայդեն-Հարիսի վարչակազմը կվերանայի ԱՄՆ անվտանգային աջակցությունն Ադրբեջանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է ANCA-ն, Բլինկենն այս մասին ասել է՝ գրավոր պատասխանելով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հարցերին:

«Ես խորապես մտահոգված եմ անցած աշնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված ռազմական գործողություններով և Արցախում ու նրա հարակից տարածքներում մարդասիրական ճգնաժամով: Ես վճռականորեն աջակցում եմ Լեռնային Ղարաբաղում ականազերծման ջանքերի ԱՄՆ ֆինանսավորմանը»,-ասել է Բլինկենը:

Նրա խոսքով՝ այդ պաշտոնում հաստատվելու դեպքում ինքը նաև կաշխատի Կոնգրեսի, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի, միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՄԱԿ-ը,  դաշնակիցները, գործընկերները` տարածաշրջանում մարդասիրական կարիքները հոգալու համար:

Մենենդեսը հետաքրքրվել է, թե ինչպես կարող է ԱՄՆ-ն օգնել Հայաստանին և էթնիկ հայերին՝ Հարավային Կովկասում պաշտպանվել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայից:

Ի պատասխան Բլինկենն ասել է. «Ես աջակցում եմ Հայաստանին անվտանգության, կայունության և ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը, տնտեսական աճի խթանմանն ուղղված օգնության տրամադրմանը: Արցախում վերջերս ռազմական գործողությունների բռնկման լույսի ներքո, մեր վարչակազմը կվերանայի Ադրբեջանին մեր անվտանգային աջակցությունը: Հաստատման դեպքում ես անհամբեր սպասում եմ Կոնգրեսի և Պաշտպանության նախարարի հետ համատեղ ՝ Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության կարիքները բավարարելու համար համապատասխան օգնության մակարդակի որոշմանը»:

Մենենդեսը հետաքրքրվել է նաև, թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ՝ ինչպե՞ս են նախատեսում ներգրավվել խաղաղ գործընթացում և աշխատել կայուն խաղաղության ուղղությամբ, որը կարտացոլի նաև հայերի շահերը:

«Նախագահն ասել է, որ ԱՄՆ-ը պետք է դիվանագիտական ջանքեր գործադրի հակամարտության տևական լուծում գտնելու ուղղությամբ `աշխատելով մեր եվրոպացի գործընկերների հետ և պետք է միջազգային մարդասիրական օգնություն ցուցաբերի` տառապանքներին վերջ տալու համար»,-ասել է նա:

Բլինկենը շեշտել է, որ այդ պաշտոնում իր թեկնածության հաստատման դեպքում ինքը կաշխուժացնի ԱՄՆ-ի ներգրավվածությունը `գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության մշտական կարգավորումը, որը կպաշտպանի Արցախի անվտանգությունը և կօգնի կանխել նոր պատերազմի բռնկումը: Բլինկենը հավելել է, որ դա ենթադրում է Մինսկի խմբի միջոցով ԱՄՆ ներգրավվածության ակտիվացումը և լրացուցիչ դիվանագիտական աշխատանք `երրորդ կողմերի հետագա միջամտությունը կանխելու համար:

Սենատոր Մենենդեսը հետաքրքրվել է նաև, թե Բլինկենն ինչ տեսակետ ունի Ադրբեջանին անվտանգային աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ:

«Արցախում վերջերս ռազմական գործողությունների բռնկման համատեքստում Բայդեն-Հարիսի վարչակազմը կվերանայի Ադրբեջանին մեր անվտանգության օգնությունը»,-ասել է Բլինկենը:

Loading...