17:08   22-01-2021
Արտերկրում հայագիտության ցանցի ընդլայնման ուղղությամբ 2021 թ.-ին կհատկացվի 120 մլն դրամ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2019 թ․-ից բյուջետային ֆինանսավորմամբ էականորեն ընդլայնել է հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման աջակցության ծրագրերը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

2020–21 ուսումնական տարում, նախկին 4-ի փոխարեն, վերոնշյալ ծրագիրն իրագործվել է 6 պետության 8 հաստատությունների՝ Պրահայի Կարլովի (Չեխիայի Հանրապետություն), Բուխարեստի (Ռումինիա), Վենետիկի Կա՛Ֆոսկարի, Հռոմի Լա՛Սապիենցա (Իտալիայի Հանրապետություն), Զալցբուրգի (Ավստրիայի Հանրապետություն), Արգենտինայի Քենեդի (Արգենտինայի Հանրապետություն) համալսարանների, Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանի և Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնի (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) հետ:

Ծրագրի իրագործման նպատակով ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորումը հիմնականում իրականացվում է տվյալ համալսարանի և ՀՀ դեսպանությունների միջև կնքված հուշագրերի կամ համաձայնագրերի հիման վրա։

Համավարակի պատճառով 2020 թ.-ին ծրագրից դուրս են մնացել Կահիրեի համալսարանը (Եգիպտոսի Արաբական Հանրապետություն) և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (Ռուսաստանի Դաշնություն): Նշյալ կառույցների հետ բանակցությունները և համաձայնագրերի ստորագրման գործընթացը կշարունակվի այս տարի:  2021 թ.-ին նախատեսվում է ծրագիրն իրագործել նաև Ուրուգվայի և Քիշնևի (Մոլդովայի Հանրապետություն) համալսարաններում: 2019 թ.-ին ծրագրի համար հատկացվել է շուրջ 16 մլն դրամ, 2020 թ.-ին՝ շուրջ 60 մլն, 2021 թ.-ին նախատեսվում է 120 մլն դրամ:

Համալսարանների ընտրությունը պայմանավորված է այնտեղ դասավանդումն իրականացնելու նախապայմաններով, մասնավորապես՝ Վենետիկի համալսարանում առկա հայագիտական հարուստ ժառանգությունը, Բուխարեստի համալսարանում՝ երկու երկրների մշակութային փոխառնչությունների և հայկական պատմագիտական նյութերն ուսումնասիրելու անհրաժեշտությունը:

Loading...