17:16   22-01-2021
«Խելացի լուծումների կենտրոն»- ում մշակման փուլում են նոր ծրագրեր
Թողնել մեկնաբանություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորյա Պողոսյանը հունվարի 21-ին շրջայց է կատարել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գործող «Խելացի լուծումների կենտրոն»-ում, որը հիմնվել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համագործակցության արդյունքում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բաքրձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Այցի շրջանակում նախարարի տեղակալը ծանոթացել է ՏՀՏԳՄ-ի «Խելացի լուծումների կենտրոնի» նոր հայեցակարգին և ուղղություններին։ ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուրադ Մուսայելյանի հետ քննարկել է 2021թ. նախարարության ու միության համագործակցության հնարավորությունները։

«Նախարարությունը կարևորում է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) հետ համագործակցությունը: Դրական փորձից ելնելով է, որ լիահույս ենք, որ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի և կնպաստի ոլորտի զարգացմանը»,- նշել է Վիկտորյա Պողոսյանը։

Էդուրադ Մուսայելյանը նշել է, որ «Խելացի լուծումների կենտրոնի» կառուցման աշխատանքները Պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկել են 2019թ․-ից: «Այս ժամանակահատվածում վերանորոգվել և սարքավորումներով  հագեցվել է վեց լաբարատոր լսարան, որոնք ստեղծված են բարձր տեխնոլոգիական տարբեր ուղղություններով դասընթացներ և վերապատրաստումներ իրականացնելու և ստարտափ էկոհամակարգեր ձևավորելու նպատակով»,- ասել է Է․ Մուսայելյանը՝ հավելելով, որ իրենց միության համար կարևոր է ոչ միայն թեմատիկ դասընթացների իրականացումը, այլև ոլորտային դասավանդողների կրթումն ու վերապատրաստումը թե՛ Երևանում, թե՛ մարզերում։ 

Loading...