20:10   22-01-2021
Արցախի խորհրդարանը հավանություն է տվել նոր նախարարության ստեղծման օրինագծին
Թողնել մեկնաբանություն

Արցախի խորհրդարանը հունվարի 22-ին քվեարկել և ընդունել է օրենք համաձայն որի Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը ներառելու են  մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովից:

Խորհրդարանի հունվարի 22-ի արտահերթ նիստում ի թիվս օրակարգային այլ հարցերի, քննարկվել է   «Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

 Արցախի ղեկավրի պաշտոնական ներկայացուցիչ, արդարադատության նախարար Կարեն Դանիելյանի խոսքով՝ օրենքի նախագծի փոփոխությունը պայմանավորված է 2020 թվականի պատերազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակում պետական կառավարման համակարգի օպտիմալացման և արդյունավետության ու հաշվետվողականության բարձրացման հետ:

«Օրինագծով նաև  առաջարկվում է, որպեսզի  Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության,  ոստիկանության անմիջական ղեկավարումն իրականացնեն համապատասխանաբար՝  արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենն ու ոստիկանության պետը, իսկ ընդհանուր ղեկավարումը՝ Արցախի ներքին գործերի նախարարը:

Նախքան հարցի քվեարկությանն անցնելը «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը   հայտարարել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու օրինագծերի փաթեթին, իսկ Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Գեղամ Ստեփանյանը հայտարարել է, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու:

Նոր նախարարության ստեղծման վերաբերյալ օրինագիծը Արցախի խորհրդարանն ընդունել է  16 կողմ, 4 դեմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Loading...