19:10   25-01-2021
ՀՀ ԱԳՆ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարները քննարկել են Արցախի հակամարտության գոտում հայկական ժառանգության պահպանումը
Թողնել մեկնաբանություն

 ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը hունվարի 25-ին հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները հերթական անգամ անդրադարձ են կատարել Արցախի  հակամարտության գոտում հայկական պատմական, կրոնական ժառանգության պահպանման հարցերին և այդ համատեքստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության հեռանկարներին: Նախարար Այվազյանը նշել է, որ հայկական պատմամշակութային կոթողները տարածաշրջանի հարուստ ժառանգության անբաժան մասն են կազմում՝ դրանց պաշտպանության ուղղությամբ ակնկալելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը:

Նախարար Այվազյանն ընդգծել է Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության պահպանության ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը, որն առավել ընդգծվում է հայկական ժառանգության դիտավորյալ ոչնչացման և դրանց ինքնության խեղաթյուրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի ֆոնին։

Ողջունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու որոշումը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Արցախի հայկական մշակութային ժառանգության համամարդկային կարևորությունը՝ անընդունելի համարելով դրանց պաշտպանության հարցի քաղաքականացումը և այդ գործընթացում արհեստական խոչընդոտներ ստեղծելու ադրբեջանական կողմի պրակտիկան:

Loading...