17:44   05-02-2021
Վահրամ Դումանյանը հանդիպել է կոմպոզիտորների հետ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի կոմպոզիտորների միության և Հայկական երաժշտական համաժողովի ղեկավար անձնակազմին ու մի խումբ անդամների: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

Ողջունելով ներկաներին՝ Վահրամ Դումանյանը նշել է, որ մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումները դրական լիցքեր են հաղորդում և մշտապես սպասված են: Այնուհետև նախարարն անդրադարձել է համավարակի և պատերազմի հարուցած  դժվարություններին ու վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է հաղթահարել այդ խնդիրները:

«Բավականին բարդ շրջան ենք ապրում. համավարակ, պատերազմ, դրանցից բխող հետևանքներ: Մեր ժողովուրդն այսօր հոգևոր-մշակութային լիցքերի կարիք ունի:  Ստեղծված իրավիճակից դուրս գալու ցանկությունը միայն բավարար չէ. դա պետք է դառնա նպատակ և համառ, հետևողական քայլերով հասնենք արդյունքի: Ես վստահ եմ, որ ձեր օգնությամբ ու համատեղ գործուն ջանքերով կարող ենք իրականացնել այդ ամենը»,- ընդգծել է  Դումանյանը և այդ նպատակին հասնելու համար ցանկացած ուղիներ գտնելու պատրաստակամություն հայտնել:

Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է կրթության, այդ թվում՝ նաև գեղարվեստական կրթության կարևորությանն ու այն դիտարկել ազգային անվտանգության տեսանկյունից. «Կրթությունից է սկսվում մեր անվտանգությունը: Գեղարվեստական կրթությունը կրթության անբաժանելի մասն է: Մենք պետք է հստակորեն ձևակերպենք մեր նպատակները, անելիքները և ինտելեկտի բարձրագույն ճանապարհով կրթենք ու զարգացնենք մեր երիտասարդներին: Մեր անվտանգությունը կարող ենք ամրացնել և ապահովել՝ միայն գիտելիքներ փոխանցելով ու մտավոր բարձր կարողություններով անհատներ ձևավորելով: Եվ այդ գործում անգնահատելի է ձեր աջակցությունն ու ներդրումը»:

Loading...