17:20   21-02-2021
Հայաստանում կանցկացվի ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվածների կամ դա վերապրածների ընտանիքներին
Թողնել մեկնաբանություն

Ամեն տարի անցկացնում ենք առնվազն երկու ժամանակավոր ցուցահանդես: Այս տարի դրանցից մեկը նվիրված կլինի առանձին ընտանիքների պատմությանը, որոնք դարձել են Հայոց ցեղասպանության զոհեր կամ վերապրել են այդ ողբերգությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Նա պարզաբանել է, որ սովորաբար ցուցահանդեսները լինում են ընդհանուր բնույթի, իսկ այս անգամ որոշում է կայացվել անդրադառնալ տվյալ թեմային՝ ներակայացնելով ընտանիքների ճակատագրերը:

Մարությանը մանրամասնել է, որ երկրորդ ժամանակավոր ցուցահանդեսը կկայանա աշնանը:

«Օսմանյան կայսրությունում եւ Արեւելյան Հայաստանում գործել են բազմաթիվ կրթական հաստատություններ: Մեզ մոտ պահպանվել են ավարտական ատեստատներ այդ հաստատություններից: Ցուցահանդեսը կունենա կրթական ուղղվածություն»,-հավելել է թանգարանի տնօրենը:

Նա նշել է, որ վերջերս կայացել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշերի շնորհանդեսը, հրատարակվել է 4 գիրք, այս տարի կհրատարակվի եւս 3-4 գիրք:

«Հուշերը կարեւոր սկզբնաղբյուր են Հայոց ցեղասպանության մասին: Դրանք Ցեղասպանության մասին հասարակ մարդկանց վկայությունն են եւ ապտակ թուրքական հերքմանը: Մարդիկ պատմում են իրենց անձնական ապրումների մասին»,-եզրակացրել է նա:

Loading...