Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը տնտեսության զարգացման համար հիմնական գործոն է համարում գիտությունը: Նա հավաստիացնում է, որ Հայաստանում գիտական մեծ ներուժ կա, սակայն այն զարգացնելու համար անհրաժեշտ է մեծացնել գիտության հատկացվող պետական ֆինանսավորումը:
«Գիտության զարգացումը բերում է տնտեսական հզորացման: Այլ բան չի կարող լինել. տնտեսությունը բոլոր ժամանակներում՝ առավել ևս 20-րդ դարում, երբ թռիչքաձև զարգացում ունեցավ ամբողջ աշխարհում հիմնված էր գիտական նվաճումների վրա: Միայն տրանսպորտային միջոցների զարգացման շնորհիվ, որը գիտական նվաճումների արդյունք էր, աշխարհն այլ աշխարհ դարձավ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց Արեգ Միքայելյանը:
Նա հիշեցրեց, որ գիտական զարգացումները սկսվեցին Անգլիայի գիտատեխնիկական հեղափոխությունից, երբ Անգլիան միանգամից դարձավ աշխարհի ամենազարգացած պետությունը: