11:10   27-02-2021
Սիրիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի ավիահարվածը «վախկոտ ագրեսիա և միջազգային իրավունքի խախտում» է անվանել
Թողնել մեկնաբանություն

Դամասկոսը դատապարտում է ԱՄՆ-ի՝ Սիրիայի հարավ-արևելքում հասցրած ավիահարվածը և նախազգուշացնում տարածաշրջանում իրավիճակի հնարավոր սրման մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  «Ռիա-նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը:

«Սիրիան խստորեն դատապարտում է ամերիկյան կողմի դրսևորած վախկոտ ագրեսիան, որն ուղղված է Իրաքի հետ սահմանի մոտ գտնվող Դեյր Զոր նահանգի շրջանների դեմ։ Այս հարձակումը հակասում է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Նախազգուշացնում ենք, որ այդ քայլը կհանգեցնի անցանկալի հետևանքների, որոնք իրենց հերթին տարածաշրջանում իրավիճակի սրում կառաջացնեն»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Դամասկոսի կարծիքով՝ Վաշինգտոնի ագրեսիվ գործողությունները բացասական ազդանշան են առ այն, որ Ջո Բայդենի վարչակազմն իր քաղաքականության մեջ կպահպանի ոչ թե միջազգային իրավունքը, այլ «ջունգլիների օրենքը», ինչպես դա արել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը:

«Սիրիան պահանջում է, որ Միացյալ Նահանգները փոխի իր ագրեսիվ քաղաքականությունը Սիրիայի Արաբական Հանրապետության նկատմամբ, դադարեցնի իր բազմաբնույթ աջակցությունը ահաբեկչական խմբավորումներին, որոնք հարձակվում են Սիրիայի և նրա ժողովրդի վրա և դադարեցնի ներդրումներ կատարել այդ խմբերում»,- ասված է հայտարարության մեջ:

Loading...