14:08   27-02-2021
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող ճնշվել կամ սառեցվել ուժի միջոցով. Արա Այվազյան
Թողնել մեկնաբանություն

Արցախի հակամարտության կարգավորման հարցը դեռևս լուծված չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

«Մենք ելնում ենք նրանից, որ բացառապես բանակցությունների միջոցով է հնարավոր գտնել լուծում, որը հաշվի կառնի բոլորի իրավունքներն ու խաղաղություն և կայունություն կհաստատի Հարավային Կովկասում: Եվ նման կարգավորման հիմքում պետք է նախ և առաջ լինի Արցախի կարգավիճակի հստակեցումը:

Արցախյան հակամարտության էությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցն է: Այս իրավունքը չի կարող ճնշվել կամ սառեցվել ուժի միջոցով: Հայաստանը հանդես է եկել և հետագայում էլ հանդես է գալու Արցախի ժողովրդի՝ ինքնորոշման և անվտանգության իրավունքների ճանաչման դիրքորոշմամբ: Ոչ մի կարգավիճակով և ոչ մի պայմանով Արցախը չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո: Վերջին ագրեսիան ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ադրբեջանի կազմում Արցախը կնշանակի Արցախն առանց հայերի»,- ասել է Արա Այվազյանը:

ՀՀ արտգործնախարարը հիշեցրել է 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին Ադրբեջանի խոշոր քաղաքներում հայերի դեմ իրականացված էթնիկ զտումները՝  նշելով, որ այդ բոլոր վայրագությունները, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի օկուպացված տարածքներում, մասնավորապես Հադրութի շրջանում ադրբեջանական բանակի ռազմական հանցագործություններն ու զանգվածային վայրենությունները հերթական ապացույցն էին նրա, որ միայն ինքնորոշման իրավունքի իրացումը կարող է ապահովել սեփական պատմական հողի վրա հայ բնակչության կյանքն ու անվտանգությունը:

Անդրադառնալով խնդրի կարգավորման ձևաչափին՝ Այվազյանը նշել է, որ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափն է, որի շրջանակում էլ պետք է լինի հակամարտության վերջնական լուծումը:

«Այս առումով մեր տեսակետն անփոփոխ է՝ խաղաղ կարգավորման առանցքային հարցերն առ այսօր լուծված չեն: Սա ամբողջությամբ համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների տեսակետին, ինչը հստակորեն արտահայտվել է նաև 2020 թվականի դեկտեմբերի 3-ի հայտարարության մեջ»,- ասել է նա:

Այվազյանը նշել է, որ Արցախի դեմ ագրեսիան՝ որպես խնդրի կարգավորման մեթոդ, մարտահրավեր է համաշխարհային հանրությանը, այն վնասում է միջնորդական ջանքերին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անգամ, համանախագահ երկրների հեղինակությանը: Նախարարը հույս է հայտնել, որ համանախագահները գործնականում կհաստատեն իրենց մանդատն ու արդյունավետ կգլխավորեն խաղաղության գործընթացը:

Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցին՝ Այվազյանը նշել է, որ «Երևանը շարունակում է հավատարիմ մնալ բանակցային գործընթացին»: «Այսօր մեր օրակարգում է խաղաղ կարգավորման գործընթացի վերականգնումը, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել մեր տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգությունն ու կայունությունը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

 

Loading...