18:08   03-03-2021
Գործողության մեջ է դրվում «Սեւանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» ծրագիրը
Թողնել մեկնաբանություն

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարտի 3-ին ընդունեց   «Սեւանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելին եւ ծրագրի տեխնիկական խորհրդատուներին: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ինչպես հանդիպման սկզբում տեղեկացրեց Քրիստիան Հենշելը, ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից,  իրականացվում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից: Ծրագրի գործընկերներ են հանդիսանում ՀՀ շրջակա միջավայրի, էկոնոմիկայի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների   նախարարությունները:

Ծրագրի ղեկավարի հավաստմամբ՝ «Սեւանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» ծրագրի նպատակն է`  բարելավել Սեւանա լճի ջրահավաք ավազանի քաղցրահամ ջրի որակը։ Հանդիպման սկզբում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ողջունեց հյուրերին՝ մարզ այցելելու և  բնապահպանական խնդիրների կարգավորման ուղղությամբ նախաձեռնություն ցուցաբերելու համար, նշելով, որ մարզը բնապահպանական առումով մի շարք խնդիրներ ունի, իսկ  նշված ծրագրի շնորհիվ հնարավոր կլինի դրանց զգալի մասին դրական լուծումներ տալ:

Խոսելով  մարզում արդեն մեկնարկած ծրագրի մասին՝ Քրիստիան Հենշելը  նշեց, որ այն կհիմնվի առկա ձեռքբերումների եւ պլանների վրա, կլրացնի եւ կօժանդակի Սեւանա լճի շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված գործողություններին: Գեղարքունիքի մարզում իրականացվող ծրագիրը կշարունակվի մինչև 2024 թվականի օգոստոս ամիսը:

Այնուհետ ծրագրի ղեկավարը եւ տեխնիկական խորհրդատուները, յուրաքանչյուրն իր համակարգման ոլորտով, հանգամանալից խոսեցին    ծրագրից բխող  արդյունքների մասին : Ըստ բանախոսների՝ դրանք են՝  Սևանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկման ու կառավարման կարողությունների բարելավումը, էկոհամակարգի համար բարենպաստ եւ ջուր խնայող հողօգտագործման ու մշակման գործողությունների իրականացման կարողությունների բարձրացումը,կեղտաջրերի մաքրման, ներառյալ բնության վրա հիմնված լուծումների իրականացման կարողությունների ավելացումը, Սեւանա լճի էկոհամակարգի արդյունավետ կառավարումը,  Սեւանա լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկումն ու տեղեկատվության հասանելիությունը:

Loading...