12:16   15-04-2021
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած ժառանգության խնդիրները Մատենադարանում կքննարկեն ոլորտի պատասխանատուները
Թողնել մեկնաբանություն

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ ապրիլի 18-ին Մատենադարանում տեղի կունենա «Բարդ անցյալներ, բազում ապագաներ մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, թե նախաձեռնությունն աննախադեպ է այն իմաստով, որ բոլոր շահագրգիռ կողմերը՝ պետական կառույցները, տեղական ինքնակառավարման մարմինները, գիտական կենտրոնները, անկախ փորձագետները, հնարավորություն կունենան մեկ հարթակում քննարկելու ինչպես պատերազմի ժամանակ Ադրբեջանի օկուպացրած տարածքներում թողնված ժառանգության խնդիրները, ռիսկերը, մարտահրավերները, անելիքները, այնպես էլ հարցեր, որոնք վերաբերում են հայ հասարակության՝ մշակութային արժեքների հանդեպ ունեցած վերաբերմունքին:

«Մենք տեսնում ենք, որ վերջին շրջանում վանդալիզմի դրսևորումները շատանում են: Պետք է կանխել դրանք: Համաժողովը կդառնա բոլոր մասնագիտական, քաղաքական  մարտահրավերների, խնդիրների մասին խոսելու հարթակ: Ես սա շատ եմ կարևորում: Մինչև մենք չճշտենք մեր վերաբերմունքը մեր իսկ արժեքների հանդեպ, մեր պատասխանատվության չափը, շատ դժվար կլինի պահանջել ուրիշներից հարգանք ու համապաստախան վերաբերմունք մեր արժեքների հանդեպ»,- շեշտեց Խզմալյանը:

Loading...