17:08   16-04-2021
Արա Խզմալյանը հանրային պատասխանատվության բարձրացումը վանդալիզմի դեմ պայքարի միջոց է համարում
Թողնել մեկնաբանություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը կարծում է՝ վանդալիզմի դեմ պետությունը կարող է պայքարել միայն հանրության աջակցությամբ, ուստի կրթության, տեղեկատվական արշավների միջոցով անհրաժեշտ է բարձրացնել հասարակության պատասխանատվությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը Արա Խզմալյանն ասաց, որ վանդալիզմը ցավոտ երևույթ է, քանի որ դրա հետևանքով վնասում ենք մեր ժառանգությունը: Դա նաև բարոյական մեծ հարված է հանրությանը: «Երբ մենք պայքարում ենք մեր թշնամու՝ մեր մշակութային արժեքները ոչնչացնելու քաղաքականության դեմ, երկրում տեղի ունեցող վանդալիզմի դեպքերը հարված են թիկունքից: Ասես մեզ զրկում են մեր արժեքների համար պայքարելու իրավունքից: Ավելի անբորայական արարք այս համատեքստում դժվար է պատկերացնել»,- շեշտեց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ մեր պատմամշակութային կոթողների, շարժական և անշարժ հուշարձանների ծավալը մեծ է, և պետական գերատեսչությունն իր մասնագիտական, վերահսկողական ռեսուրսներով չի կարող ապահովել հուշարձանների լիարժեք անվտանգությունը, եթե հանրությունը նրան չաջակցի:

Ըստ Խզմալյանի՝ պետական քաղաքականության առանցքը պետք է լինի հանրային պատասխանատվության ձևավորումը, կրթական համակարգում հուշարձանների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը: Միայն այդ ճանապարհով հնարավոր կլինի ապահովել հուշարձանների անվտանգությունը:

Loading...