19:14   16-04-2021
Լույս է տեսել Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմի լիտվերեն թարգմանությունը
Թողնել մեկնաբանություն

Լիտվայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ լույս է տեսել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի լիտվերեն թարգմանության երկրորդ, ընդլայնված հրատարակությունը՝ նվիրված Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունից: 
Լիտվացի հայտնի պոետ, դրամատուրգ Սիգիտաս Գեդայի թարգմանությամբ պոեմը հանրության դատին է ներկայանում Նյու Յորքի «Սուրբ Ներսես» հայկական ճեմարանի հայագիտության պրոֆեսոր, աստվածաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Աբրահամ Տերյանի՝ հատուկ լիտվերեն հրատարակության համար գրված նախաբանով և Մատենադարանի ավագ գիտաշխատող Արուսյակ Թամրազյանի կողմից հեղինակած վերջաբանով։
Գրքում տեղ են գտել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձատուն-թանգարանի կողմից տրամադրված Գրիգոր Նարեկացու և Պոեմի առանձին հատվածների պատկերով տասներկու մանրանկարներ՝ վերցված հայկական միջնադարյան ձեռագիր մատյաններից։
Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի լիտվերեն թարգմանության երկրորդ հրատարակության ամենամեծ առանձնահատկությունը գրքին կից աուդիոգիրքն է․ պոեմի գլուխներն ընթերցվում են լիտվացի երեք հայտնի դերասանների՝ Վլադաս Բագդոնասի, Վիտաուտաս Ռումշասի և Ալդոնա Բրոնիսլավա Դաուսիենեի կողմից, որն ուղեկցվում է հայկական միջնադարյան և հոգևոր երաժշտությամբ` յուրաքանչյուրն առանձին, յուրօրինակ աուդիո խմբագրմամբ, որի ընդհանուր տևողությունը 12 ժամ է։
Լիտվացի ընթերցողը հնարավորություն ունի գրքի աուդիոտարբերակն ունկնդրել ինչպես գրքում ներդրված սկավառակի, այնպես էլ՝ յուրաքանյուր գլխի վերջում տեղադրված հատուկ արագ արձագանքման՝ QR կոդի միջոցով։

Loading...