14:35   20-04-2021
Դավիթ Բեկում ՀՀ նախագահն ու ՄԻՊ-ը քննարկել են պատերազմից հետո գյուղի հետ կապված իրավիճակը
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՀՀ Սյունիքի մարզ այցի շրջանակներում այցելել են Դավիթ Բեկ գյուղ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: 

Գյուղում հանդիպում է տեղի ունեցել Կապան համայնքի ղեկավարի, Դավիթ Բեկ և Կաղնուտ համայնքների գյուղապետերի հետ:

Քննարկվել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո համայնքում ստեղծված իրավիճակը:

Մասնավորապես, գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկով պայմանավորված` ավելի են սրվել սոցիալական խնդիրները. սահմանների հետ կապված գործընթացի արդյունքում մարդիկ զրկվել են հողատարածքներից կամ դրանք մշակելու հնարավորությունից, քանի որ հայտնվել են ադրբեջանական վերահսկողության տակ: Ավելին, կան մասնավոր հողատարածքներ, որոնք, չնայած կադաստրային օրինական վկայականների, ադրբեջանական վերահսկողության ներքո են հայտնվել:

Մանրամասն քննարկվել են մարդկանց անհատական խնդիրները, որոնց մեծ մասը նախորդ այցերի ընթացքում արձանագրվել և արդեն իսկ պաշտոնական ընթացք են ստացել:

Համայնքի բնակիչները բարձրացրել են աշխատատեղերի բացակայության հարցը: Առաջարկվել է կարիքները գրավոր ձևակերպել` ՀՀ Նախագահի կամ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում աջակցության նկատառումով:

ՀՀ նախագահի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը կամփոփեն համատեղ այցի արդյունքները և ըստ իրավասության կձեռնարկվեն համապատասխան քայլեր, այդ թվում՝ համատեղ:

Դավիթ Բեկ գյուղի խաղաղ բնակիչները 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում տուժել են ադրբեջանական զինված ուժերի հարձակումներից. սպանվել էր մեկ խաղաղ բնակիչ, վիրավորումներ էին ստացել մի քանի անձինք:

Loading...