19:34   30-04-2021
Հայաստանի պետական ֆիլհարմոնիան կիրականացնի «Քո արվեստը դպրոցում» մշակութային կրթական ծրագիրը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ապրիլ-նոյեմբեր ամիսներին կիրականացնի «Քո արվեստը դպրոցում» մշակութային կրթական ծրագիրը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվել է ապրիլի 30-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի հետ հանդիպումով։

Ծրագրի մեկնարկը ողջունել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ՝ Արա Խզմալյանը և Ժաննա Անդրեասյանը։

Նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորել է ներկաներին «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի մեկնարկի կապակցությամբ և  մշակութային կրթության  կարևորության մասին իր խոսքն ուղղել   ծրագրի մասնակից դպրոցականներին: «Ապրելով հետպատերազմյան իրողության մեջ, մենք հաճախ ենք խոսում անվտանգության մասին: Այս առումով  ուզում եմ կրկնել իմ այն միտքը, որ ամենամեծ անվտանգությունը սկսվում է կրթությունից, որի հիմքը դրվում է վաղ հասակից՝ մանկապարտեզից, դպրոցից, որտեղ սկսում եք գրել, կարդալ, մտածել: Կրթությունը հենց այն տիեզերքն է, որտեղ ձևավորվում է մտածողությունը: Դպրոցներում կրթություն ստանալուն զուգահեռ անհրաժեշտ է ստանալ  նաև հոգևոր կրթություն՝ հաղորդակցվելով մշակույթին և արվեստին: Այս գեղեցիկ և կարևոր նախաձեռնությունը ձեր դպրոց գալով իր հետ կբերի հոգևոր և դրական մեծ լիցքեր»,- նշել է Վահրամ Դումանյանը և հավելել, որ «Քո արվեստը դպրոցում» նախաձեռնության և արվեստագետների հետ հանդիպումների միջոցով դպրոցականները կիմանան և կճանաչեն  ճշմարիտ արվեստը:

Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել ծրագրին մասնակից բոլոր կողմերին՝ այն ստեղծելու, կազմակերպելու և իրականացնելու համար: 

«Քո արվեստը դպրոցում» մշակութային կրթական ծրագիրն այս տարի կիրականացվի նոր ձևաչափով. այն ներառում է դասախոսություն-հանդիպումների շարք հայտնի արվեստագետների հետ:

Loading...