16:20   15-05-2021
ՀՀԿ-ն ու «Հայրենիք» կուսակցությունը ստորագրեցին «Պատիվ ունեմ» դաշինք կազմելու հուշագիր
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի հանրապետական և «Հայրենիք» կուսակցություններն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են «Պատիվ ունեմ» դաշինքով: Այդ կապակցությամբ երկու կուսակցությունները մայիսի 15-ին ստորագրեցին հուշագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինք կազմավորելու մասին հուշագրում նշվում է, որ մեր հայրենիքն ապրում է իր նորագույն պատմության ամենադժվարին ու վճռորոշ ժամանակահատվածը: Քննադատելով գործող իշխանությունների վարած քաղաքականությունը, մատնանշելով բացթողումները, ձախողումները՝ դաշինքը հուշագրով մատնանշում է իր առաքելությունը:

«Առկա իրողություններում մեր պարտքն ենք համարում ահազանգել մտահոգությունների մասին, ուղիղ և շիտակ խոսել կառավարության քաղաքականապես սնանկ ռազմավարության և գործելաոճի մասին: Ոչ միայն պետք է մատնացույց անենք աղաղակող բացթողումները, այլև ազգովի անհապաղ ձեռնամուխ լինենք բոլոր ուղղություններով իրավիճակի կայունացմանը, քանզի սեղանին է դրված հայոց պետականության խնդիրը»,-ասված է հուշագրում:

ՀՀԿ նախագահ, Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում նշեց, որ նախընտրական դաշինքի հուշագրի ստորագրմամբ կմեկնարկի այս փուլի պատվի գործը:

«Այն է՝ առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի շնորհիվ հեռացնել պետության կառավարումը ձախողած իշխանություններին: Վերականգնել Հայաստանի լիարժեք ինքնիշխանությունը, վերադարձնել մեր ժողովրդին իր հայրենիքում խաղաղ ապրելու անվտանգ և արժանապատիվ արարելու իրավունքն ու վաղվա օրվա նկատմամբ հավատը: Աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները, գրեթե ամենուր լարվածության աճը, մեզ անմիջական սպառնացող վտանգները, Հայաստանի իշխանությունների ոչ համարժեք վարքագիծը լավատեսության ոչ մի հիմք չեն տալիս հուսալու, որ նման պայմաններում մենք կկարողանանք գրագետ, ճիշտ հաշվարկած քայլերով կանխել վերահաս նոր վտանգը և պետության ընթացքը տեղափոխել անվտանգ ու զարգացման հեռանկար ունեցող ռելսերի վրա»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, ընտրապայքարը պետք է ոչ միայն չպառակտի, այլև ավելի համախմբի հայրենանվեր բոլոր անհատներին ու կազմակերպություններին: Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ դաշինքը կազմող երկու քաղաքական ուժերին միավորում են իրավիճակի սթափ գնահատման արդյունքում Հայաստանի ներքին և արտաքին վտանգների առկա մարտահրավերների հաղթահարման ուղիների և ապագայի վերաբերյալ նույնանման մոտեցումներն ու ընդհանուր մտահոգությունները, ինչպես նաև ազգային արժեքների պաշտպանության դիրքերում ամուր և աննահանջ կանգնելու վճռականությունը:

«Հայրենք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածու Արթուր Վանեցյանը նշեց, որ հայրենիքի շենացմանն ու հզորացմանն ուղղված նույնանման տեսլականն ունենալով՝ «Հայրենիք»-ի և ՀՀԿ-ի քաղաքական թիմերը երկար քննարկումների արդյունքում որոշել են մեկտեղել ուժերը:

«Փորձելու ենք անել ամեն ինչ, որ ամեն քաղաքացի հստակ իմանա, թե ինչ ծրագրեր ենք իրականացնելու իշխանության ղեկը ստանձնելուց հետո: Կարևում ենք բոլոր խնդիրների ցուցակագրումն ու հավաքագրումը: Դա մեզ հնարավորություն կտա մեր ծրագրերում ներառել բոլոր խնդիրներն ու լուծման ուղիները»,-ասաց Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով, նախընտրական շրջանը միայն խոստումներ տալու, մրցակիցների նկատմամբ սեփական առավելությունն ի ցույց դնելու փուլ չէ: Հատկապես հետպատերազմյան շրջանում քարոզարշավը նման առիթներով օգտագործելը, ըստ Արթուր Վանեցյանի, անթույլատրելի է:

«Մեր հայրենակիցների մի զգալի հատված այսօր սգակիր է: Դրանում մեղավոր ենք բոլորս՝ ժողովուրդը, մտավորականությունը, քաղաքական վերնախավը: Մենք համերաշխություն ենք բերելու Հայաստանին, մեր դաշինքի ձևավորումն այս խոսքերի վառ ապացույցն է: Սիրելի ժողովուրդ մենք գալիս ենք քո դուռը: Գյուղացի, արհեստավոր, զինվորական, ուսուցիչ, մենք գալիս ենք լսելու քո խնդիրը, ապա համատեղ ջանքերով լծվելու դրանց լուծման գործին»,-հավելեց Արթուր Վանեցյանը:

Loading...