19:14   28-05-2021
Շիրակի մարզում ընթացիկ տարվա համար նախատեսված քաղաքաշինական ծրագրերը կյանքի կկոչվեն
Թողնել մեկնաբանություն

Ընթացքի մեջ են Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցու­թյամբ իրականացվող բնակելի տների կառուցման շինարարական աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից՝ 2020 թվականին մեկնարկած 26 ընտանիքների բնակարանների կառուցման աշխատանքները ավարտին կհասցվեն ս.թ. նոյեմբեր ամսին: Ընդհանուր առամամբ, Շիրակի մարզում 2021 թվականին քաղաքաշինության ոլորտում իրականացվելու է շուրջ  41  մլն դրամ գումարի կապիտալ ներդրումներ: Այդ գումարի շրջանակում նախատեսվում են մանկապարտեզների, առողջապահական կառույցների և մարզադպրոցի, փողոցաշինության աշխտանքներ: Շիրակի մարզում 2021 թվականի համար նախատեսված բոլոր քաղաքաշիական ծրագրերը կյանքի կկոչվեն:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրատվությամբ Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասում ընթանում են բնակելի համալիրի և մանկապարտեզի կառուցման աշխատանքներ: Շահագործման կհանձնվի 40 բնակարան և 46 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ: Ծրագրի ավարտը նախատեսված է 2022 թվականին:

Գյումրի քաղաքում մեկնարկել է նաև մասնավոր ներդրումներով բնակարանաշինության ծրագիր: Գարեգին Նժդեհի փողոց, 9/10 հասցեի հողամասում կկառուցվի շուրջ 290 բնակարանով բնակելի համալիր:

2021 թվականին մարզում նախատեսվում է իրականացնել փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցման աշխատանքներ՝ Բերդաշեն, Կապս, Արեգնադեմ համայնքներում: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ մարզում կսկսվի նաև 4 մանկապարտեզի կառուցումը, պատվիրատուն ՀՀ քաղաքաշինական կոմիտեն է: Ասիական զարգացման բանկը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ կսկսի Արթիկի թիվ 2 և Ազատանի թիվ 2 դպրոցների կառուցման աշխատանքներ: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ էլ մարզում կսկսվեն 4 մանկապարտեզների կառուցման աշխատանքներ: «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ կկառուցվի Արթիկում: Գյումրի և Արթիկ քաղաքներում իրականացվում են համալիր սոցիալական ծառայության տարածքայրն կենտրոնների կառուցման աշխատանքներ: Ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին:

«ՀՀ քաղաքաշինական կոմիտեի պատվիրատվությամբ Գյումրի քաղաքում մեկնարկել են «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման աշխատանքները։ 2021 թվականին իրականացվելու են շուրջ 500,0 մլն դրամի շինարարական աշխատանքներ: Ծրագրի ընդանուր արժեքը կազմում է 4 938, 6  մլն դրամ»,- հավելեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: Տարվա ընթացքում շարունակվում են նաև 2020 թվականին մեկնարկած Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի ծննդատան մասնաշենքի կառուցման աշխատանքները։

Loading...