16:35   31-05-2021
ՀՀ ձեռնարակությունները թուրքական ապրանքների ներմուծման արգելքը դրական որոշում են համարում. հարցում
Թողնել մեկնաբանություն

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) բիզնես ոլորտում իրականացված հարցման արդյունքում՝ Հայաստանում ձեռնարկությունները թուրքական ծագման ապրանքների  ներմուծման արգելքը ճիշտ որոշում են համարում, սակայն բիզնեսի տեսանկյունից որոշ ընկերություններ անպատրաստ էին դրան:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 31-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Այ Էմ Առ» հետազոտական կազմակերպության տնօրեն Պետրոս Պետոյանը:

«Օրինակ, արդյունաբերական ընկերությունները կամ կարի հետ կապված ընկերությունները, որոնք հումքը ներկրում էին Թուրքիայից, լիովին անպատրաստ էին դրան: Իրենց համար արգելքը մեծ խոչընդոտ դարձավ»,- ասաց Պետոյանը:

«Այ Էմ Առ» հետազոտական կազմակերպության տնօրենի խոսքով՝ ձեռնարկությունները ցանկանում են պետությունից աջակցություն ստանալ կամ գոնե խորհրդատվություն այլընտրանքային ուղղությունների մասով, թե որտեղից կարելի է ներկրել հումքը:

 «Ձեռնարկությունները ի սկզբանե արգելքը պատկերացնում էին, որ ցանկացած բան չի կարելի Թուրքիայից ներկրել Հայաստան: Այսինքն՝ պետական կառույցների կողմից պետք է ճիշտ տեղեկություն տրամադրվի և այս ընկերություններին բացատրվի, որ հումքը կարելի է ներկրել, բայց պատրաստի ապրանքներ՝ ոչ»,- նշեց Պետոյանը:

Ինչպես նշված է ամփոփ զեկույցում, ձեռնարկությունների շուրջ 35 տոկոսը համարում է, որ թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը որևէ խոչընդոտ չի ստեղծի ՀՀ և իրենց ձեռնարկությունների համար:

«Այս արգելքի հետ կապված ձեռնարկություններն առավել շատ տեսնում են հնարավորություններ և դրական կողմեր, քան խոչընդոտներ և բացասական ազդեցություններ ՀՀ և իրենց բիզնեսի համար»,- նշված է զեկույցում:

Loading...