13:54   02-06-2021
Էրդողանը Վրաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ համագործակցությանը աջակցելու պատրաստակամություն է հայտնել
Թողնել մեկնաբանություն

Թուրքիան Վրաստանին համարում է տարածաշրջանային համագործակցության բանալի եւ ցանկացած եռակողմ, այդ թվում՝ Վրաստան-Ադրբեջան-Հայաստան ձեւաչափին աջակցելու պատրաստակամություն է հայտնում: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Անկարայում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հավատում ենք, որ կկարողանանք իրականացնել տարբեր աշխատանքներ, որոնք կամրապնդեն եւ կմեծացնեն կարեւորությունն ու խաղաղությունը մեր տարածաշրջանում: Նշվածի շրջանակներում շատ կարեւոր է Ադրբեջանի հետ եռակողմ համագործակցությունը: Մենք՝ Թուրքիան, աջակցում ենք ցանկացած եռակողմ համագործակցությանը՝ լինի դա Վրաստան-Ադրբեջան-Հայաստան կամ Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա»,- ասել է Էրդողանը:

Նա նաեւ հայտարարել է, որ Վրաստանի մասնակցությամբ հնարավորինս արագ գերագույն ռազմավարական խորհուրդ անցկացնելու որոշում է կայացվել:

Վրաստանի վարչապետն, իր հերթին, հույս է հայտնել, որ երկու հանրապետությունները կկարողանան ավելի շատ համատեղ ծրագրեր իրականացնել եւ խորացնել համագործակցությունը: Ղարիբաշվիլին Էրդողանին հրավիրել է Թբիլիսի:

Loading...