Հունաստանը եւ Եգիպտոսը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան եւ անվտանգությունը, հայտնում է Katherimerini-ն:
Համաձայնությունը ձեռք է բերվել Կահիրեում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Սիսիի հանդիպման ընթացքում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրադարձությունների եւ Հունաստանի, Կիպրոսի եւ Եգիպտոսի միջեւ եռակողմ համագործակցության ամրապնդման անհրաժեշտության վերաբերյալ:
Միցոտակիսը մատնանշել է երկու երկրների միջեւ ստորագրված շրջակա միջավայրի եւ էներգետիկ նոր համաձայնագիրը՝ այն որակելով որպես քայլ, որը նպաստում է երկու երկրների բարգավաճմանը:
Օգոստոսին Եգիպտոսը եւ Հունաստանը համաձայնագիր ստորագրեցին բացառիկ տնտեսական գոտու մասին Միջերկրական ծովի արեւելյան մասում՝ նավթի եւ բնական գազի հեռանկարային պաշարներ պարունակող տարածքում, որոնց հավակնում է Թուրքիան:
Թուրքիան կտրուկ արձագանքեց ծովային գոտու մասին համաձայնագրին՝ հայտարարելով, որ այն «խախտում է» Թուրքիայի եւ Լիբիայի մայրցամաքային պաշարը, ուստի եւ «անվավեր» է:
Ապրիլին Հունաստանը եւ Եգիպտոսը երկկողմ ռազմական համագործակցության պլան ստորագրեցին Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ներկայացուցիչների եւ նրանց եգիպտացի գործընկերների հանդիպումից հետո:
Գրում է News.am -ը: