13:14   23-06-2021
Կուբայի դեղագործական ընկերությունն իր COVID-պատվաստանյութի արդյունավետությունը գնահատել է 92 տոկոս
Թողնել մեկնաբանություն

Կուբայի արտադրության «Աբդալա 92» եռակի չափաբաժնով պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ արդյունավետ է 92 տոկոսով: Այդ մասին հաղորդել է «ԲիոԿուբաՖարմա» ընկերությունը։

«Աբդալա» պատվաստանյութը, որը մշակվել է Կուբայի գենային ինժեներիայի եւ կենսատեխնոլոգիայի կենտրոնի կողմից, ցուցաբերել է 92,28 տոկոս արդյունավետություն՝ եռակի չափաբաժնով սխեմայով կիրառման դեպքում»,-ասվում է ընկերության Twitter-ում:

Granma կենտրոնական կուբայական թերթը հիշեցնում է, որ այժմ այդ պատվաստանյութն անցնում է կլինիկական փորձարկումների երրորդ փուլը:

Կուբացի գիտնականները մշակում են COVID-19-ի դեմ հինգ տարբեր տեսակի պատվաստանյութեր: Օրերս հաղորդվել է, որ կուբայական մեկ այլ պատրաստուկ՝ «Սոբերենա 02»-ը, արձանագրում է 62 տոկոս մակարդակով արդյունավետություն:

Granma-ն նշում է, որ ԱՀԿ-ում ճանաչելու համար պատվաստանյութի արդյունավետությունը պետք է 50 տոկոսից բարձր լինի:

COVID-19-ի համավարակի սկսվելու պահից Կուբայում հայտնաբերվել է վարակման 169,3 հազար դեպք, 1170 հիվանդ մահացել է, շուրջ 160 հազարը՝ ապաքինվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Loading...