14:57   23-06-2021
Միանվագ 500,000 դրամ օգնություն կտրամադրվի պատերազմում վիրավորված և ամբուլատոր պայմաններում բուժում ստացած անձանց
Թողնել մեկնաբանություն

Արցախի ղեկավար Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին ստորագրել է Արցախի կառավարության որոշում, համաձայն որի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի  դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած՝ ամբուլատոր պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացած Արցախում հաշվառված այն անձանց, ովքեր ՀՀ կառավարության կողմից սահմանված 500 000 ՀՀ դրամի չափով աջակցության ծրագրից չեն օգտվել, Արցախի պետական բյուջեի միջոցների հաշվին կտրամադրվի միանվագ դրամական օգնություն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի ղեկավարի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ամբուլատոր պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացած անձանց են հավասարեցվում նաև պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորում (վնասվածք) ստացած այն անձինք, ովքեր տարաբնույթ պատճառներով չեն դիմել բժշկական օգնություն ստանալու համար, կամ դիմել և տարաբնույթ պատճառներով չեն ստացել այն:

Դրամական օգնություն ստանալու համար շահառուները հուլիսի 5-ից կարող են դիմել Արցախի առողջապահության նախարարի հրամանով ստեղծված մասնագիտացված հանձնաժողովին կամ զանգահարել գերատեսչության թեժ գիծ՝ 30-03 կարճ համարին: Այնուհետև շահառուի կողմից ներկայացված փաստաթղթերը և ապացույցները տասնհինգ օրվա ընթացքում ուսումնասիրվելու և քննարկվելու են, ինչի արդյունքում կազմվելու է եզրակացություն՝ դրամական օգնություն նշանակելու կամ դրամական օգնության նշանակումը մերժելու մասին:

Loading...