15:08   27-07-2021
Մաճկալաշենի գերեվարված բնակիչը փոխանցվել է հայկական կողմին. ադրբեջանցի զինծառայողները նրան ծեծի են ենթարկել
Թողնել մեկնաբանություն

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի գերեվարված բնակչին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ծեծի են ենթարկել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին է փոխանցվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը: Իրականացված բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ նա  Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, ինչի հետևանքով վնասվել է աջ ոտքը: Պատառոտվել են շորերը: Քաղաքացին այժմ գտնվում է գյուղի իր տանը»,- նշել է Ստեփանյանը:

Նա հայտնել է, որ Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը` առիթը բաց չթողելով խոշտանգելու ու նվաստացնելու իրենց վերահսկողության տակ հայտնված քաղաքացիներին:

Արցախի ՄԻՊ-ը միջազգային կազմակերպությունների և Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրել միջադեպի վրա:

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հուլիսի 26-ին ստացվել էր ահազանգ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկի գերեվարման վերաբերյալ։ Փաստերի հավաքագրման արդյունքում պարզվել էր, որ անձը Մաճկալաշեն համայնքի 1989-ի ծնված բնակիչ է, որը զբաղվում էր անասնապահությամբ և կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

 

Loading...