17:53   18-08-2021
Ճապոնիայի հետ համագործակցության հեռանկարներ կան բարձր տեխնոլոգիաների ոլորտում
Թողնել մեկնաբանություն

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը 3 երկրներում՝ Հայաստան, Պակիստան և Շրի Լանկա, իրականացրել է  ուսումնասիրություն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում՝ պարզելու տվյալ երկրներում ոլորտի առկա վիճակն  ու զարգացման հեռանկարները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, ուսումնասիրության արդյունքում, յուրաքանչյուր երկրի համար, այդ թվում՝ նաև Հայաստանի, պատրաստվել է տեսանյութ, որտեղ Հայաստանը ներկայացվում է որպես առաջատար ՏՀՏ երկիր, որն ունի  գիտահետազոտական և մարդկային ստեղծարար մեծ ներուժ։

Տեսանյութում նաև խոսվում է  Խորհրդային Միությունից մինչ այսօր  ոլորտում գրանցած հաջողությունների մասին, ներկայացվում է հայկական տեխնոլոգիական ընկերությունների հաջողության պատմությունները։

Տեսանյութը նպատակ ունի ճապոնական ընկերությունների ուշադրությունը հրավիրել Հայաստանի վրա տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հեռանկարներ ուրվագծելու համար։

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) պետական կառույց է, որի նպատակն է աջակցել զարգացող երկրներում տնտեսական ու սոցիալական աճին, ինչպես նաև խթանել միջազգային համագործակցությունը՝ կիսվելով գիտելիքներով ու փորձառությամբ:


Loading...