17:28   20-08-2021
Առաջատար տեխնոլոգիական ընկերություններում շուրջ 40 փորձնակ արդեն անցնում է գործնական պրակտիկա․ հայտագրումը շարունակվում է
Թողնել մեկնաբանություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2021 թվականին գործարկել է «Փորձնակների գործնական պրակտիկա» պիլոտային նախագիծը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ նախագծի նպատակն է Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով ստեղծված իրավիճակում բարձր տեխնոլոգիական կազմակերպություններին ընձեռել հնարավորություն՝ ներգրավել հավելյալ անձնակազմ, իսկ սկսնակ մասնագետներին, ովքեր ունեն բարձր տեխնոլոգիական ոլորտի նախնական գիտելիքներ և հմտություններ, հնարավորություն տալ գործնական պրակտիկա անցնել տեխնոլոգիական ընկերություններում:

Նախագծին կարող են մասնակցել 18 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիները, ովքեր կանցնեն կազմակերպության կողմից հաստատված ընդունելության ընթացակարգը և կհամապատասխանեն ընտրության չափանիշներին:

Նախագծի թիրախային խմբերն են բարձր տեխնոլոգիական ոլորտի սկսնակները, ինչպես նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպած 2020 թվականի «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանավարտները։

2021 թվականի հունիսի 11-֊ին անկախ մասնագիտական մրցութային հանձնաժողովը, որը կազմված է եղել ոլորտի փորձագետներից, մասնագետներից և պետական շահառու գերատեսչությունների ներկայացուցիչներից, ամփոփել է դրամաշնորհային մրցույթի գնահատումը։ Արդյունքում հաղթող է ճանաչվել ՀՀ ռեզիդենտ հանդիսացող բարձր տեխնոլոգիական ոլորտի 9 ընկերություն, որոնք համապատասխանել են մրցույթի պահանջներին, դրանք են՝ Instigate Mobile, Web Projects, G-host, ISTC Labs, EPAM Systems, DataArt, The Gurus, Codics, FimeTech։

Ելնելով նախագծի պահանջներից՝ գործնական պրակտիկան իրականացնող ընկերությունը պետք է կազմակերպի փորձնակների հավաքագրումը և ապահովի արդյունավետ գործնական պրակտիկայի գործընթացը։

Այս պահին Instigate Mobile, Web Projects, G-host, ISTC Labs, EPAM Systems ընկերություններում փորձնակների գրանցումը դեռ շարունակվում է։

Իսկ 4 ընկերություններում ՝ DataArt, The Gurus, Codics, FimeTech, հայտագրումն ավարտված է․ շուրջ 40 երիտասարդ արդեն իսկ սկսել է գործնական պրակտիկան։ 

Ծրագրի արդյունքում նախատեսվում է ունենալ շուրջ 100 փորձնակ, որոնք 6 ամիս տևողությամբ գործնական պրակտիկա կանցնեն 9 առաջատար տեխնոլոգիական ընկերություններում։ 

Գործնական պրակտիկայի ավարտին ընկերությունները պարտավորվում են ապահովել ծրագրին մասնակցած փորձնակներից առնվազն 50%-ին առնվազն մեկ տարվա աշխատանքային պայմանագրով՝ առնվազն 150,000 ՀՀ դրամ աշխատավարձով (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը):

Նախագծի հիմքում բաց և երկկողմանի վստահությամբ պետություն–մասնավոր հատված համագործակցությունն է, որտեղ պետությունը տրամադրում է ֆինանսական աջակցություն, իսկ մասնավոր հատվածն ապահովում է գիտելիք, միջավայր, գործիքներ և աշխատանքի հնարավորություն: Փորձնակները հնարավորություն կունենան կիրառել իրենց գիտելիքները գործնականում, ներգրավվել ու աշխատել ընկերություններում՝ ձեռք բերելով մասնագիտական գիտելիքներ և ոլորտային հմտություններ:

 

Loading...