17:11   03-09-2021
10 հոգի կարող է անվճար ուսում ստանալ Յորքի համալսարանի եվրոպական կամպուս Սիթի քոլեջում
Թողնել մեկնաբանություն

Հունաստանում գտնվող Յորքի համալսարանի եվրոպական կամպուս Սիթի քոլեջը Երևանում կազմակերպում է հեռակա երկամյա մագիստրոսական ծրագիր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

«Այն առաջարկում է մեկ կրթաթոշակային տեղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության կառույցներում աշխատող բարձրագույն կրթությամբ, առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ունեցող, 24 տարեկանից բարձր, անգլերենի բարձր և գերազանց իմացությամբ (Toefl 89-90 (ընթերցանություն՝ 18 միավոր, լսելու կարողություն՝ 17 միավոր, գրելու կարողություն՝ 17 միավոր, խոսելու կարողություն՝ 20 միավոր) կամ IELTS 6.5 կամ CAE (А or B) աշխատակիցների համար»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Կրթաթոշակային տեղն առաջարկվում է հետևյալ 6 ուղղություններով.

MBA in General Management,

MBA in Marketing,

MBA in Finance,

MBA in Logistics and Supply Chain Managment,

MBA in Healthcare Management,

ΜΒΑ in Human Resource Management:

Ուսումնառությունը կարող է կազմակերպվել երկու եղանակով՝ առկա ձևաչափով և 3 ուսումնական այց (Executive mode) կամ առցանց ուսուցում և 3 ուսումնական այց (Executive mode blended): Ուսումնառության ընթացքում ուսուցողական այցերը կազմակերպվում են դեպի Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա և Հունաստան:

Ուսման վարձը հոգում է համալսարանի ղեկավարությունը, իսկ այցերի հետ կապված բոլոր ծախսերը՝ մասնակիցը:

Նախարարությունը կարող է ներկայացնել 10 հոգու թեկնածություն: Վերջնական ընտրությունը կատարելու է համալսարանի ղեկավարությունը՝ հաշվի առնելով ինչպես առաջադիմությունն, այնպես էլ հետևյալ չափանիշները՝

Մասնագիտական փորձ (մասնագիտական և կառավարչական փորձ)։

Ակադեմիական որակավորումներ (հավատարմագրված բուհի բակալավրի աստիճան կամ այլ բարձրագույն կրթության աստիճան՝ համապատասխան առաջադիմությամբ)։

Այլ չափանիշներ (նպատակասլացություն, ծրագրում բավարար ժամանակ և ջանք ներդնելու պատրաստակամություն, կարողություն, հանրային և մասնագիտական պատրաստակամություն, ինչպես նաև գործատուի աջակցություն):

Ցանկացողները մինչև հոկտեմբերի 1-ը ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին պետք է ներկայացնեն դիմում (հայտաձևը կցվում է), անձնագրի, դիպլոմի և լեզվի իմացությունը հաստատող համապատասխան փաստաթղթերի պատճենները, երաշխավորական նամակ, մոտիվացիոն նամակ և ինքնակենսագրություն (անգլերենով):

 

Loading...