14:48   04-09-2021
ԲՏԱ նախարարը մասնակցել է Թվային տնտեսության հարցերով ֆրանսալեզու երկրների նախարարական ցանցի 2-րդ հանդիպմանը
Թողնել մեկնաբանություն

Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովին ընդառաջ սեպտեմբերի 3-ին Բենինի Կոտոնու քաղաքում տեղի է ունեցել Թվային տնտեսության հարցերով ֆրանսալեզու երկրների նախարարական ցանցի (Réseau Francophone des Ministres en charge de l’Économie Numérique (RFMEN)) 2-րդ հանդիպումը, որին առցանց տարբերակով մասնակցել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը:

Թվային տնտեսության հարցերով ֆրանսալեզու երկրների նախարարական ցանցի ստեղծման մասին պաշտոնապես հայտարարվել է դեռևս 2018 թ․ հոկտեմբերի 10-ին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի ժամանակ: Ցանցի հիմնական առաքելությունն է՝ խթանել ֆրանսախոս տարածքում թվային տնտեսության ցուցանիշների աճի ուղղությամբ ջանքերի համատեղումը։

Հանդիպման առանցքային թեման թվայնացման ոլորտում Ֆրանսալեզու երկրերի միջև մարտահրավերներին ուղղված համագործակցությունն էր և արդի թեմաների վերհանումը, որոնք կներկայացվեն առաջիկա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների դիտարկմանը:

Հանդիպման ընթացքում ելույթներ են ունեցել Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության գլխավոր քարտուղարը, Թվային տնտեսության հարցերով ֆրանսալեզու երկրների նախարարական ցանցի նախագահը, Բենինի Արտաքին գործերի և համագործակցության հարցերով նախարարը և ՖՄԿ անդամ պետությունների թվայնացման հարցերով գերատեսչությունների ղեկավարները:

Անդրադարձ է կատարվել Նախարարական ցանցի գործողությունների ճկուն ձևաչափին, ինչպես նաև 2022-2026թթ. Ֆրանկոֆոնիայի ռազմավարությանն առնչվող հարցերին: Վերջինս վավերացման նպատակով Թունիսի Ջերբա քաղաքում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 18-րդ Գագաթնաժողովի ընթացքում՝ կներկայացվի անդամ պետությունների ղեկավարների դիտարկմանը։

Loading...