11:11   06-09-2021
Գյումրիում տեղի ունեցավ Ալեքսանդր Սպենդիարյանի 150 ամյակին նվիրված տոնական համերգ
Թողնել մեկնաբանություն

«Ալեքսանդր Սպենդիարյան-150» երաժշտական փառատոնի շրջանակում  Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ անվանի կոմպոզիտորի 150 ամյակին նվիրված տոնական համերգ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  համերգին անվանի  դաշնակահարներ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանի, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի, օպերային երգիչներ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի, ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանի, Կոմիտասի անվան պետական լարային քառյակի կողքին պատանի երաժիշտներն էին՝ Աիդա Ավանեսյանը, Արտյոմ Իոնիսյանը, Արթուր Գրիգորյանը, Էլեն Խաչիկյանը, Անդրեյ Կուրբետը, Պոլինա Շարաֆյանը և Դավիթ Բաբայանը:

Հնչեցին  Սպենդիարյանի կամերային ստեղծագործությունները: Համերգը Գյումրիում անցկացնելը պատահական չէր՝  վստահեցնում է Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը: 1927 թվականին կոմպոզիտորը «Պոլիգոնի որբանոց»-ի որբերի համար ելույթ  է ունենում, որը մեկընդմիշտ մնում է եղեռնից մազապուրծ եղած որբերի հիշողության մեջ: «Տարին հոբելյանական է ու այս տարվա շրջանակներում նպատակ կա սպենդարյանական երաժշտությունը Հայաստանի ճամփեքով ներկայացնելը»,-նշում է Մարինե Օթարյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ նմանատիպ փառատոնները նաև հանրային ինքնահաղթահարման  ակցիա են: «Հատկապես մարզերում ու համայնքներում մշակութային ներկայությունը պետք է լինի զգալի ու անընդմեջ»,-նշեց Արայիկ Խզմալյանը:

Փառատոնը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ:

Loading...