19:19   15-09-2021
Աուդիտի արդյունքում որևէ խնդրահարույց բան չի արձանագրվել. Փաշինյանը՝ «Հայաստան» հիմնադրամի մասին
Թողնել մեկնաբանություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները ծախսվել են այն նպատակների համար, որոնք նախատեսված են հիմնադրամի կանոնադրությամբ, աուդիտի արդյունքում խնդրահարույց որևէ բան չի արձանագրվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ»-ից  Հայկ Մամիջանյանի հարցին:

Պատգամավորը հիշեցրեց, որ պատերազմի ընթացքում ամբողջ աշխարհից հայությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակություն էր անում: Հետո հիմնադրամից գումար է ուղղվել պետբյուջե: «Գումարների ճակատագիրը մտահոգության տեղիք էր տվել»,-ասաց նա ու հիշեցրեց, որ պետք է աուդիտ կատարվեր ու հասարակությանը հաշվետվություն ներկայացվեր, սակայն մինչ օրս չի ներկայացվել:

Փաշինյանը հիշեցրեց, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի արդյունքներով տարածվել է հայտարարություն, որով հոգաբարձուների խորհուրդն արձանագրել է, որ չարաշահումներ ու հանգանակված գումարների վատնումներ չեն եղել, որից հետո որոշում է կայացվել ձևավորել աշխատանքային խումբ ու իրականացնել աուդիտ: Վարչապետը որպես Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ՝տեղյակ է, որ աշխատանքներն արվել ու ամփոփվել են:

«Աուդիտի արդյունքներով որևէ խնդրահարույց բան չի արձանագրվել, ընդհակառակը, արձանագրվել է, որ ամեն ինչ համապատասխանում է այն տրամաբանությանը և հայտարարությանը, ինչ արել է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը: Ես 100 տոկոսով համոզված եմ, որ եթե նույնիսկ այդ աուդիտը իրականացնի աշխարհի ամենահայտնի ու ամենավստահելի աուդիտորական ընկերությունը, չի կարող այդտեղ որևէ այլ խնդիր առաջանալ, որևէ չարաշահում կամ վատնում բացահայտվել կառավարության գործողություններում»,-ասաց Փաշինյանը:

 Մամիջանյանը նշեց՝ հրապարակումներ է եղել, որ գումարները ծախսվել են ռազմական ուղղությամբ: Նրա խոսքով՝ առկա է հիմնավոր կասկած, որ բյուջետային ֆինանսավորումը կապված էր նրա հետո, որ պետական բյուջեում գումարներ չկային ու այդ գումարը ծախսվել է թոշակների, աշխատավարձերի ու այլ անհրաժեշտ ծախսերը հոգալու համար

Նիկոլ Փաշինյանն էլ պնդեց, որ կառավարությունը երբեք չի ասել, թե հիմնադրամի միջոցները ծախսվել են ռազմական նպատակներով: «Կառավարությունն ասել է, որ հետպատերազմական շրջանում իրականացրել է ավելի քան 100 միլիարդ դրամի հատկացում պատերազմի ընթացքում առաջացած կարիքների համար: Պատերազմի ընթացքում ի հայտ են գալիս լրացուցիչ առողջապահական կարիքներ, տնտեսական կարիքներ , սոցիալական կարիքներ ու այդպես շարունակ, կառավարությունը 100 մլրդ-ից ավել գումար է հատկացրել՝ այդ կարիքները հոգալու համար, այդ 100 մլրդ-ի  մեջ 52 մլրդը եղել է Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներից , մնացած ավելի քան 50 միլիարդը եղել է պետբյուջեի միջոցներից: Հետևաբար, չէր կարող պետական բյուջեից միջոցներ տրամադրվեր, եթե, ինչպես դուք եք ասում, պետական բյուջեում միջոցներ չլինեին: Իսկ Հայաստան հիմնադրամի միջոցները չեն ծախսվել ռազմական կարիքների համար, հիմնադրամի միջոցները ծախսվել են այն նպատակների համար, որոնք նախատեսված են հիմնադրամի կանոնադրությամբ»,-ասաց նա ու հավելեց՝ աուդիտի արդյունքները կան, կհրապարակվեն:

 

Loading...