19:24   15-09-2021
Ադրբեջանը դա անում է ի պատասխան մեր հայտարարության, որ ՀՀ-ի տարածքով միջանցք տրամադրելու դրույթ չկա. Փաշինյան
Թողնել մեկնաբանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի հատվածում ադրբեջանական կողմի գործողություններն արվում են ի պատասխան հայկական կողմի հայտարարությունների, հիշեցումների, որ թե նոյեմբերի 9-ի, թե հունվարի 11-ի հայտարարություններում ՀՀ-ի տարածքով միջանցք տրամադրելու վերաբերյալ դրույթ հիշատակված չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

«2020 թվականի դեկտեմբերին մենք իրականացրել ենք ՀՀ-ի Զինված ուժերի դիրքերը ՀՀ խորհրդային միությունից ժառանգած սահմանների հետ համապատասխանեցնելու գործընթաց: Եվ այդ գործընթացն իրականացվել է ռազմական նոր էսկալացիայից խուսափելու համար»,-ասաց վարչապետը՝ հիշեցնելով, որ մանրամասն մոտիվացիաները ներկայացրել է նախորդող շրջանում:

Վարչապետն այս համատեքստում կրկին հիշեցրեց 2010 թվականին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքը: «Դրանում հստակ  արձանագրվում է, որ, մասնավորապես, Շուռնուխ և Որոտան գյուղերի վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին: Եվ տվյալ դեպքում պետք է արձանագրեմ նաև, որ այս իրողությունն է, և ԽՄ ժամանակ մասնավորապես այդ հատվածում Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի գոյություն ունեցած վարչական սահմանն է, որը հետագայում արդեն վերածվել է պետական սահմանի: Այս իրողությունն է ընդունվել որպես հիմք: Հիմա այս նույն տրամաբանությամբ այդ հատվածներում երկու տեղ՝ Գորիս-Կապան ավտոճանապարհը դուրս է գալիս ՀՀ-ի կամ Խորհրդային Հայաստանի վարչական սահմանից: Եվ նաև այս հանգամանքի բերումով է, որ ժամանակին ձեզ հայտնի տեղերում հայտնվել են մեզ հայտնի ցուցանակները և մեզ հայտնի հենակետերը»,-ասաց նա:

Վարչապետը հիշեցրեց, որ ժամանակին՝ 2020 թվականի դեկտեմբերին, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ճանապարհն անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ-ի տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար: «Եվ ենթադրում եմ, որ քանի որ այդ պայմանավորվածության մեջ չի ֆիքսվել օտարերկրյա բեռների տարբերակը, տվյալ իրավիճակում Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը՝ թերևս ի պատասխան մեր այն հայտարարությունների, որ թե նոյեմբերի 9- և թե հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների մեջ հիշատակված չէ ՀՀ-ի տարածքով միջանցք տրամադրելու վերաբերյալ դրույթ: Եվ ՀՀ-ն, ընդունելով, որ տարածաշրջանի կոմունիկացիաները պետք է բացվեն, այնուամենայնիվ արձանագրում է, որ օտարերկրյա բեռները ՀՀ տարածքը հատելիս՝ այդ թվում Ադրբեջանի արևմտյան շրջաններից դեպի Նախիջևանի ինքնավար հանրապետություն գնալիս պետք է հատեն մաքսային, անձնագրային և այլ կետեր՝ ինչպես սահմանված է ԱՊՀ երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունն ապահովող իրավապայմանագրային բազայում»,-ասաց Փաշինյանը:

Նա պարզաբանեց նաև, թե ինչու է իր կողմից կառավարության նիստում և հաղորդագրությունների մեջ նշվել ադրբեջանական տեղանունները՝ Էյվազլի և Չայզամի տեղանունները: «Դա արվել է  պարզ պատճառով, որ ՀՀ քաղաքացիների համար պարզ լինի, որ խնդրո առարկա կետերը գտնվում են ոչ թե ՀՀ-ի կամ  Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքում, այլ այդ տարածքից դուրս, որը ՀՀ-ն դե յուրե ընդունել է իմ հիշատակած 2010 թվականին ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքով»,-ասաց նա:

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացրել էին, որ նույն օրը Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի հսկողության տակ գտնվող բնակավայրերից մեկի մոտակայքում Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում էր իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

Loading...