18:08   16-09-2021
Image Description
Ալեն Սիմոնյանը և բարոնուհի Քոքսը քննարկել են պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ իր համար պատիվ է հյուրընկալել հայ ժողովրդի մեծ բարեկամին: Նա նշել է, որ չափազանցված  չէ այն միտքը, որ հայ ժողովրդի հավատարիմ բարեկամ Քերոլայն Քոքսը Հայաստանում լայն ճանաչում և սեր է վայելում:

Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել տարիներ շարունակ բարոնուհու կողմից Հայաստանին և Արցախին հետևողական կերպով աջակցելու համար:

ԱԺ նախագահը և բարոնուհի Քոքսը քննարկել են պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների, քաղաքացիական անձանց վերաբերյալ հիմնահարցեր:

Բարոնուհին մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից միջազգային տարբեր հարթակներում հնչեցվող ապակառուցողական հայտարարությունների վերաբերյալ՝ միևնույն ժամանակ հուսալով, որ միջազգային հանրության գործուն աջակցությամբ հնարավոր կլինի լուծել գերիների հայրենադարձման հարցը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ:

Loading...