18:10   21-09-2021
Առաջին անգամ Երերույքի տաճարի շրջակայքում կանցկացվի բացօթյա դասական համերգ
Թողնել մեկնաբանություն

 Եվրոպական մշակութային ժառանգության օրերի շրջանակում Երերույքի եզակի տաճարում սեպտեմբերի 25-ին տեղի կունենա «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով դասական համերգ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախաձեռնությունն իրականացնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Եզակի այս կառույցում կայանալիք միջոցառմանը հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը։

Համերգային ծրագրում Բեթհովենի, Բրուքների, Լիստի, Կոմիտասի, Միրզոյանի, Ավանեսովի, Կոկժաևի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններն են։ Նման մասշտաբի համերգ Երերույքում կայանում է առաջին անգամ։

Այս համերգով Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ցանկանում է ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը գրավել դեպի այս բացառիկ կոթողը։

Երերույքի տաճարը հիմնվել է քրիստոնեական վաղ շրջանում՝ 4-5-րդ դարերում՝ հեթանոսական մեհյանի տեղում։ Այն կառուցված է Անիի բաց նարնջագույն տուֆից։ Պահպանվել է կիսավեր վիճակում։ Երերույք անվանումն առաջացել է մատաղ անելու հեթանոսությունից մնացած սովորությունից։ Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ անվանումն առաջացել է այդ սյուների միջոցով ստացված ճարտարապետական լուծման հետևանքով, որի շնորհիվ հեռվից թվացել է, թե կառույցը երերում է։

Երերույքի տաճարը՝ մասնագետների գնահատմամբ, վաղ միջնադարյան մեզ հայտնի կառույցներից ամենամեծն է:

 

Loading...