Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը երկօրյա հյուրախաղերով ժամանել է Երևան: Թատրոնը հոկտեմբերի 15-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում մայրաքաղաքի հանդիսատեսին ներկայացավ Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի» պիեսի համանուն բեմադրությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Երկիր հայրենի» ներկայացումը նվիրված է ինչպես ՀՀ անկախության 30-ամյա հոբելյանին, այնպես էլ խոնարհումի խոսք է Արցախյան 44-օրյա պատերազմում ընկածներին ու հաշմվածներին։
Ներկայացման մեջ զբաղված են Վանաձորի թատրոնի երիտասարդ և ավագ դերասանները, սակայն Գագիկ արքայի կերպարը մարմնավորելու համար թատրոնը հրավիրել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Վարդան Գևորգյանին:
Աբելյան թատրոնն այս տարի նշում է 90-ամյակը և հոբելյանական միջոցառումների շրջանակում թատրոնը հոկտեմբերի 16-ին հանդես կգա Հովհ․ Թումանյանի «Անուշ» ներկայացմամբ: Ներկայացումը երևանյան հանդիսատեսը կվայելի կրկին Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: