20:00   29-10-2021
Մեկնարկել է Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյակին նվիրված միջազգային համաժողովը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հոկտեմբերի 29-31-ը անցկացնում է «Փոքր կինոնկարներ. համընդհանուր ժա­ռանգություն, փոքր կինոթատրոնների պահպանում, հասանելիություն և տարածում գլոբալ պլատֆորմներում» միջազգային համաժողովը՝ նվիրված «Անրի Վերնոյի (Աշոտ Մալաքյան, 1920-2002) ծննդյան 100-ամյակին:

Եռօրյա գիտաժողովն իրականացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թվականների օրացույցում ընդգրկված ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում:

Գիտաժողովի նպատակն է երկխոսություն սկսել ազգային կինեմատոգրաֆի առանցքային հարցերի շուրջ՝ ներգրավելով խորհրդային և սփյուռքի կինոժառանգությանն առնչվող Հայաստանի և արտերկրի շուրջ քսան կինոգետների, կինոքննադատների, հետազոտողների և կինոարդյունաբերության մասնագետների։

Համաժողովի օրերին կներկայացվի ֆրանսահայ անվանի կինոռեժիսոր Անրի Վերնոյի ստեղծագործական ժառանգությունը, կարժևորվի նրա տեղն ու դերը համաշխարհային կինոարվեստում՝ բացահայտելով ազգային ինքնության առանձնահատկությունները:

Անրի Վերնոյի որդին՝ Պատրիկ Մալաքյանը, կարևորելով համաժողովի անցկացումը, նշել է.

«Անրի Վերնոյի ստեղծագործական ժառանգության արժևորման, ազգային ինքնության առանձնահատկությունների բացահայտման գործում կարևոր նշանակություն ունի այս համաժողովի անցկացումը: Հայրս նկարահանել է «Մայրիկ» ֆիլմը, ինչպես նաև բազմաթիվ այլ ֆիլմեր, և կարևոր է, որ նրա գործունեությունը ճանաչելի լինի Հայաստանում ու ամբողջ աշխարհում: Այս առումով համաժողովի իրականացումը հրաշալի առիթ է»:

Գիտաժողովի օրերին ընթերցված և ներկայացված բոլոր զեկույցները Հայաստանի ազգային կինոկենտրոնը կհրատարակի առանձին գրքով՝ որպես ամփոփում:

Loading...