11:30   30-10-2021
ԿԳՄՍ նախարարը բուհերի ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հոկտեմբերի 29-ին աշխատանքային հանդիպում է ունեցել պետական և ոչ պետական մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպման օրակարգի առաջին հարցը վերաբերում էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկմանը: Նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել վերոնշյալ օրենքի նախագիծը, որի գլխավոր նպատակը բարձրագույն կրթության և գիտության համակարգերի արդյունավետության բարձրացումն է:

Նշվել է, որ նախագիծն Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է 2021 թվականի մարտի 24-ին, սակայն ՀՀ նախագահի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի 2021 թվականի օգոստոսի 2-ի համապատասխան որոշմամբ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի մասով այն ճանաչվել է Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող:  Նախագիծը համապատասխանեցվել է ՍԴ որոշման պահանջներին և ներկայացվել հանրային քննարկման:

«Օրենքի նախագծի քննարկման ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է եղել բուհերի հոգաբարձուների խորհուրդների ձևավորման և ռեկտորների ընտրության հարցերին: Վահրամ Դումանյանը նշել է, որ օրենքի ընդունումից հետո դրա կիրարկման համար անհրաժեշտ է համախմբել ոլորտի բոլոր ներկայացուցիչների ջանքերը, քանի որ նախատեսվում է բավականին մեծ աշխատանք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման հաջորդ հարցը վերաբերել է բուհերում առցանց ուսուցման անցնելու գործընթացով պայմանավորված հնարավոր խնդիրների քննարկմանը: Այդ համատեքստում նախարարը բուհական և գիտական հանրությանը՝ ի դեմս ռեկտորների, հորդորել է անմասն չմնալ և պայքարել հակապատվաստումային քարոզչության և հակագիտական երևույթների դեմ:

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանն արծարծվել են նաև ասպիրանտուրայի ընդունելությանը, բուհերի միասնական քննություններին վերաբերող և հարակից այլ հարցեր: Քննարկման մասնակիցները կրթության ոլորտի պատասխանատուներին ուղղել են իրենց հուզող մի շարք հարցեր և ստացել դրանց պատասխանները:

Loading...