12:04   01-11-2021
107 ավագ դպրոցում ստեղծվել է բնագիտական առարկաների գծով 335 լաբորատորիա
Թողնել մեկնաբանություն

Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի ավագ դպրոցներն այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաներն ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Դրանք դպրոցներում ստեղծված արդիական ուսումնական միջավայրեր են, որտեղ աշակերտը տեսական գիտելիքներն ամրապնդում է գործնական հմտություններով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, նորաստեղծ լաբորատորիաներն ավագ դպրոցներում կարող են դառնալ այն օղակը, որը կապում է բիզնեսն ու կրթությունը: Ավագ դպրոցներում նման արդիական սարքավորումների առկայությունը կնպաստի երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության զարգացմանը և նորարարական ծրագրերի իրականացման հմտությունների ձևավորմանը:

«Լաբորատորիաներում մեկտեղվում են տեսականն ու գործնականը. դա փաստում են Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի ուսուցիչները, որտեղ բնագիտական առարկաների լաբորատորիաներն արդեն իրականություն են և օգտագործվում են ամենօրյա դասապրոցեսում: Վեդիի ավագ դպրոցում լաբորատոր սարքավորումները նույնպես կիրառվում են. կենսաբանության բոլոր դասերն անցնում են լաբորատորիայում: ՀՊՄՀ հենակետային վարժարանում, տնօրենի հավաստմամբ, լաբորատորիաները ևս ամենօրյա կիրառելիություն են ունենալու»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ;

Մինչ լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացի մեկնարկը ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը նախապես մշակել է բնագիտական առարկաների գծով գնման ենթակա լաբորատոր սարքավորումների համակազմը, լաբորատորիաների կահավորման մոդելները, իրականացվել են ուսումնասիրություններ, կարիքների գնահատում:

Լաբորատորիաների ստեղծման գործընթացը մեկնարկել է 2020 թ.-ի փետրվարից: Ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում 2021 թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ամփոփվել է 8 ավագ դպրոցներում հիմնանորոգման ընթացքում գտնվող բնագիտական առարկաների լաբորատորիաների ստեղծման, այն է՝ լաբորատոր սարքավորումների տրամադրման, կահույքի ձեռքբերման և տեղադրման գործընթացը: Ժամանակակից կահավորմանը զուգահեռ՝ քիմիայի և կենսաբանության լաբորատորիաներում իրականացվել են նաև ջրամատակարարման և ջրահեռացման մոնտաժային աշխատանքներ:

Արդյունքում, ՀՀ 107 ավագ դպրոցներում այսօր գործում են բնագիտական առարկաների գծով 335 լաբորատորիաներ:

Բնագիտական առարկաների («Ֆիզիկա», «Քիմիա», «Աշխարհագրություն» և «Կենսաբանություն») գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի՝«Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի շրջանակում:

Loading...