18:42   08-11-2021
Ստիպված էինք. նախարարը գործող օրենքով հիմնավորեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում Պապիկյանի ընտրությունը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը վստահեցնում է՝ պարտադրված են եղել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնում ընտրել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի, քանի որ նախարարության ներկայացրած և ԱԺ-ից կողմից ընդունված օրենքի նախագիծը, որով հստակ ֆիքսվել էր, որ հոգաբարձուների խորհրդում չեն կարող լինել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք, գործողության մեջ չի մտել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ընտրվելու թեմային:

Դումանյանը հիշեցրեց՝ կառավարությունը ներկայացրել է Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծ, որտեղ հստակ գրված է, որ հոգաբարձուների խորհրդում չեն կարող լինել մարդիկ, որոնք զբաղեցնում են քաղաքական պաշտոններ կամ քաղաքական կազմակերպություններում ղեկավար պաշտոններ: Այդ օրենքն ԱԺ-ն ընդունել է, ՍԴ-ն կառավարչական մասի որոշ դրույթներ ճանաչել է հակասահմանադրական: «Մենք էլ ընդունեցինք՝ ի գիտություն, և հիմա արդեն շրջանառության մեջ է այդ երկու դրույթը՝ խմբագրված տարբերակով»,-ասաց նախարարը:

Այսպիսով` օրենքը չի մտել գործողության մեջ, որում ֆիքսվում էր, որ հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն քաղաքական դեմքեր: «Այդտեղ վիճարկվեց ոչ թե քաղաքական, այլ ուրիշ խնդիր՝ համամասնությունը: Այդ օրենքը, եթե լիներ, այսօր դուք քաղաքական դեմքեր չէիք տեսնի, ներկայացված օրենքում հստակ գրված է, որ չպետք է լինեն քաղաքական պաշտոններ զբաղեցնողներ»,-ասաց Դումանյանը:

Անդրադառնալով քննադատություններին, թե գործող իշխանությունն ինչ քննադատում էր, հիմա ինքն է անում՝ վստահեցրեց, որ այդպես չէ: «Մենք ստիպված ժամանակ չկորցնելու համար վերադարձել ենք գործող օրենքին, որը գործում էր մինչև այդ: Իսկ գործող օրենքում ասվում է 4 համամասնություն. 25 տոկոս՝ ուսանողներ, 25 տոկոս՝ պրոֆեսորադասախոսական կազմ և 25 տոկոս՝ լիազոր մարմին և 25 տոկոս՝ հիմնադիր: Հիմնադրի կողմից պետական պաշտոնյաներ են: Մենք հոգաբարձուների խորհրդի թվի քանակը մաքսիմալ նվազեցրեցինք»,-ասաց Դումանյանը:

Այսպիսով, նախարարի խոսքով, ստիպված գործում են այն օրենքով, կառավարության որոշումով, որն ընդունվել է 2005 թվականին, որտեղ հստակ նշված է, որ այսինչ համամասնությամբ պետք է լինի խորհրդի կազմը. արդյունքում՝ այնտեղ հայտնվել են պետական պաշտոնյաներ, քաղաքական դեմքեր:

«Հիմա հայտնվել ենք օրենսդրական տվյալ դաշտում, որտեղ պարտադրված ենք պետական պաշտոնյաներ նշանակել, որոնք բնականաբար քաղաքական առաջնորդներ են, տարբեր պաշտոններ ունեն քաղաքական դաշտում»,-ասաց Դումանյանը:

ԵՊՀ-ում նոյեմբերի 6-ին տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի նիստում հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Loading...