Ռուսաստանցի միջազգայնագետ, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի գիտական տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը նոր բան չի ակնկալում Սոչիում կայանալիք Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ բանակցություններից, քանի որ իր կարծիքով՝ հայ-ադրբեջանական տիրույթում գտնվող խնդիրները, այդ թվում՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, հեռու են լուծված լինելուց:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Լուկյանովը կարծիք հայտնեց, որ ներկա իրավիճակում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը և պատերազմից հետո ընդհատված շփումների վերականգնումը ինքնին ավելի կարևոր է, քան բանակցությունների արդյունքը: Այդ հարցում ռուսաստանցի միջազգայնագետը կարևորում է թե՛ եվրոպական կողմի և թե՛ Ռուսաստանի միջնորդական դերակատարումը:
«Դժվար է ինչ-որ նոր բան ակնկալել, քանի որ իրավիճակը հեռու է կարգավորված լինելուց, և վերջին մեկ տարվա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը հիմնականում մնում է նախագծային վիճակում: Դրան գումարվում են վերջերս տեղի ունեցած սահմանային բախումները, որոնք ցույց տվեցին, թե ինչ աստիճանի երերուն վիճակում է այդ ամենը: Այնպես որ, կարծում եմ, որ այս իրավիճակում խնդիր մեկն է՝ վերականգնել այն շփումները, որոնք ընդհատվել են մեկ տարի առաջ տեղի ունեցած պատերազմից հետո: Առանց այդ կապերի և շփումների վերականգնման հնարավոր չէ առաջ շարժվել: Այդ իսկ պատճառով ակտիվություն են ցուցաբերում թե՛ եվրոպացիները և թե՛, բնականաբար, նաև Ռուսաստանը: Այդ տեսանկյունից հանդիպման փաստն, ըստ իս, ավելի կարևոր կլինի, քան դրա արդյունքը», - «Արմենպրես»-ին հայտնեց Ֆյոդոր Լուկյանովը: