10:39   12-05-2022
Հակոբ Արշակյանը Ապագա նորարարության գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 11-ին Շեյխ Սաքեր Ալ Քասիմի հրավերով Դուբայում մասնակցել է Ապագա նորարարության գագաթնաժողովին (Future Innovatiօn Summit 2022), որը նվիրված է տիեզերական տեխնոլոգիաների զարգացմանը: Միջոցառմանը ներկա են եղել համաշխարհային ճանաչում ունեցող աստղաֆիզիկոս, Starmus փառատոնի հիմնադիր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը եւ գործարար համայնքի ներկայացուցիչներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, օրենսդրական դաշտը եւ տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում արտոնությունների համակարգը:

«Նա բարձրաձայնել է ոլորտի համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ընկերությունների՝ տարբեր տարիների գրանցած արդյունքները եւ հավաստիացրել, որ դրանք իրենց գործունեությամբ փոխել են աշխարհի տնտեսության զարգացման ուղին եւ արդյունաբերական 4-րդ հեղափոխության հիմք դրել:

Հակոբ Արշակյանն ընդգծել է այն փաստը, որ Արաբական Միացյալ Էմիրությունները նորագույն տեխնոլոգիաների ոլորտում զգալի հաջողություններ է գրանցում հատկապես օդատիեզերական ոլորտում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ԱԺ փոխխոսնակը կարեւորել է միջազգային համագործակցության առումով նոր հնարավորությունների արդյունավետ օգտագործումը եւ հավելել. «Հայաստանը վայր է, որտեղ կարող ես գտնել նոր հնարավորություններ»: Այժմ Հայաստանի ՏՏ ոլորտում մոտ 27.000 մասնագետ կա, եւ այս թիվն օրեցօր աճում է: Առկա ցուցանիշները հաշվի առնելով՝ նա արձանագրել է, որ 2030թ. ՏՏ ոլորտի շրջանառությունը Հայաստանում կաճի 5 անգամ: Ըստ ԱԺ նախագահի տեղակալի՝ ոլորտի կայուն զարգացման համար կա բավարար հնարավորություն եւ ներուժ:

Հակոբ Արշակյանը մանրամասներ է ներկայացրել մեր երկրում գործող ավելի քան 2000 ընկերությունների գործունեության մասին, նշել 2015-2021թթ. հայկական տեխնոլոգիական ընկերությունների արձանագրած ցուցանիշները, որոնք շարունակաբար աճ են գրանցել:

ԱԺ փոխնախագահը ներկաներին հրավիրել է մասնակցելու սեպտեմբերի 5-10-ը Երեւանում կայանալիք գիտական ամենահայտնի Starmus VI միջազգային փառատոնին:

Նշվում է, որ այնուհետեւ ցուցադրվել է Հայաստանի մասին պատմող տեսահոլովակ:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն արժանացել է Ապագա նորարարություն գագաթնաժողովի մրցանակի:

Loading...