15:43   21-05-2022
Կայացել է Արցախի ՄԻՊ-ին առընթեր բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների պաշտպանության խորհրդի անդրանիկ նիստը
Թողնել մեկնաբանություն

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի նախագահությամբ մայիսի 20-ին տեղի է ունեցել Պաշտպանին առընթեր բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի անդրանիկ նիստը։ Խորհրդի կազմում ընդգրկված են բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններ, իրավունքների պաշտպանության ոլորտի մասնագետներ: «Արմենպրես»-ին այս մասինտեղեկացրին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

«Գեղամ Ստեփանյանը նշել է, որ Խորհուրդը պետք է ծառայի որպես հարթակ` համատեղելու բռնի տեղահանված անձանց և փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և մասնագետների ներուժը` արձանագրելու և վերհանելու հրատապ լուծում պահանջող խնդիրները և ներկայացնելու դրանք համապատասխան իրավասու մարմիններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ իր ելույթում ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի կրթական, վերլուծական, հետազոտական և մշտադիտարկման բաժնի պետ Մարինա Սիմոնյանն անդրադարձել է Պաշտպանի աշխատակազմի կողմից այդ բնագավառում իրականացվող աշխատանքներին և մատնանշել որոշակի խնդիրներ։

Նշվում է, որ Խորհրդի անդամները բարձրաձայնել են մի շարք խնդիրների մասին, այդ թվում՝ բռնի տեղահանված անձանց և փախստականների սոցիալական ներառման, բնակարանային և զբաղվածության ապահովման, տարբեր իրավական ակտերի և ծրագրերի կատարելագործման վերաբերյալ։

Loading...