12:53   30-05-2022
Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր համույթը հոբելյանը կտոնի «Իմ սեր հայրենիք» համերգաշարով
Թողնել մեկնաբանություն

Հիմնադրման 85-ամյա հոբելյանի առթիվ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր համույթը մեկնարկում է «Իմ սեր հայրենիք» համահայաստանյան հոբելյանական համերգաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկ տարի շարունակ համույթը հոբելյանական համերգաշարով կներկայանա ամբողջ հանրապետությունում, իսկ եզրափակիչ գալա համերգը տեղի կունենա 2023 թվականի գարնանը։

Լեգենդար անսամբլը համերգաշարի մեկնարկը կազդարարի 2022-ի մայիսի 31-ին արհեստների ու արվեստների քաղաք Գյումրիից:

Համերգային շքեղ ծրագիր է նախատեսված. տասնամյակներ շարունակ հանդիսատեսի բարձր գնահատականին արժանացած կատարումների կողքին կներկայացվեն նաև նոր ստեղծագործություններ:

Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը հիմնադրվել է 1938 թվականին ՀՍԽՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, բազմակի շքանշանակիր Թաթուլ Ալթունյանի ջանքերով, որի կողքին են եղել ժողովրդական արտիստներ կոմպոզիտոր Ալեքսանդր Ալեքսանդրյանը և պարուսույց Էդուարդ Մանուկյանը: Տարիներ շարունակ ունենալով այնպիսի տաղանդավոր ու հմուտ գեղարվեստական ղեկավար, ինչպիսին Թաթուլ Ալթունյանն էր՝ անսամբլը հսկայական գործ կատարեց՝ հայ ժողովրդական երգն ու պարը գրագետ մշակմամբ ու կատարողական բարձր արվեստով իր օրինական տիրոջը ՝ ժողովրդին վերադարձնելու ուղղությամբ: Ստեղծագործական երկար տարիների ընթացքում համույթի ղեկավարությունը ստանձնեցին մարդիկ, որոնք հանձն առան երգի-պարի անսամբլի նորացմանը, բարեփոխումներին՝ պահպանելով ալթունյանական մշակութային ժառանգությունը, անսամբլի ազգային դիմագիծը՝ ներգրավելով համերգային ծրագրի մեջ երաժշտական թատերականացված, էպիկական շնչով համարներ:

Գրեթե 85-ամյա հարուստ տարեգրությամբ անսամբլն աշխարհին է ներկայացրել հայկական ավանդական երգն ու պարը, ազգային նվագարաններն ու գունագեղ տարազը:

Համերգաշարն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Loading...