13:57   01-07-2022
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԱՀԿ համաժողովում կարևորել է Արցախի ժողովրդի՝ սեփական ապագան որոշելու իրավունքի իրացումը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել հունիսի 28-29-ին տեղի ունեցած ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, անդրադառնալով ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության մարտահրավերներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, սպառազինությունների վերահսկման ռեժիմի փաստացի և շարունակական խախտումները, զինված հակամարտություններում օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների և վարձկանների օգտագործումը փաստացի հարցականի տակ են դրել ԵԱՀԿ կարողությունը՝ ապահովելու իր պատասխանատվության տարածաշրջանում համապարփակ անվտանգությունը։

Ըստ աղբյուրի՝ աջակցություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին՝ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է վերջինիս գործունեությունը՝ ուղղված Արցախի ժողովրդի՝ այդ թվում սեփական ապագան որոշելու իրավունքի իրացման ապահովմանը՝ որպես ԼՂ հակամարտության կարգավորման առանցքային նպատակ։ Կարևորվել է նաև ԵԱՀԿ ներգրավվածությունը հումանիտար հարցերի, ներառյալ՝ հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման, մշակութային ժառանգության պաշտպանության, բռնի անհետացածների ու անհետ կորածների դեպքերի հասցեագրման գործում։

Նշվում է, որ համաժողովի շրջանակներում նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ։ Քննարկվել է համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:


Loading...